ԵՊՀ ռեկտոր. ՀՀ բարձրագույն կրթական համակարգում այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել
Այսօր ԵՊՀ-ում անց է կացվել «ATHENA» - «Աջակցություն բարձրագույն ուսումնական հաստատությունների կայունությանն ու ինքնավարությանը» ծրագրի հայաստանյան աշխատաժողովը:
«ATHENA» ծրագիրն իրականացվում է «TEMPUS»-ի ֆինանսավորմամբ, Եվրոպական համալսարանների ընկերակցության (EUA-European Universties Association) ընդհանուր համակարգմամբ և Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի բուհերի մասնակցությամբ, տեղեկացնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից:
«ԵՊՀ-ի և գործընկերների անունից պետք է նշեմ, որ հայաստանյան կրթական համակարգում կարևորվում է բուհերի ֆինանսական կայունության և ինքնավարության գործընթացը: ՀՀ բարձրագույն կրթական համակարգում այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել. մենք շատ խնդիրներ ենք հաղթահարել, բարդ, հետաքրքիր, բայց և միաժամանակ կորուստներով ու ձեռբերումներով լի ճանապարհ ենք անցել: Այսօր արդեն այդ ձեռքբերումներն ամրապնդելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է իրականացնենք»- ասել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նույնպես կարևորել է միջոցառումը և նշել, որ աշխատաժողովը թույլ կտա համալսարանական ինքնավարության և ֆինանսական կայունության նոր համակարգը Հայաստանում ճիշտ նախագծել ու արդյունավետ դարձնել:
Ինքնավարությունն ու ֆինանսական կայունությունն անհրաժեշտ նախապայմաններ են համալսարանների առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու հարցում, ուստի բուհական կառավարման և ֆինանսավորման ոլորտներում բարեփոխումները բարձրագույն կրթական համակարգի արդիականացման կարևոր բաղադրիչներ են:
«ATHENA» հայաստանյան աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում մեկտեղելու բարձրագույն կրթության ոլորտի հայաստանյան շահառուներին (մասնավորապես բուհերի և ոլորտով զբաղվող պետական մարմինների ներկայացուցիչներին) և քննարկելու հանրապետությունում համալսարանական ինքնավարությանն ու ֆինանսավորմանն առնչվող խնդիրները:
Հաշվի առնելով Հայաստանում բուհական ինքնավարության ու ֆինանսավորման ներկա վիճակը՝ աշխատաժողովը նպատակ ունի նաև շահառուների միջև երկխոսության միջոցով ձևակերպել կառավարման, ինքնավարության և ֆինանսավորման բարեփոխումների հնարավոր ուղենիշները:
Ծրագրի հայաստանյան համակարգողն է ԵՊՀ-ն, գործընկերներն են ԿԳՆ-ն, ՀՊՃՀ-ն, ԳՊՀ-ն, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում