Լ.Ալավերդյան. Կան ակտիվ կանայք, բայց իշխանության են գալիս ու գրավում աթոռները բոլորովին այլ կանայք
«Ես ինձ կայացած չեմ համարում, հա կայանում եմ ամեն օր և կարծում եմ մենք պետք է այնքան ժամանակ լինենք այդպես կայացող, մինչև չկայացնենք մեր իրավական պետությունը, որտեղ կինը իր այն ամեն տարբերություններով հստակ տեղը կգտնի և կկարողանա օգուտը բերել թե ընտանիքում, թե հասարակության մեջ, թե իշխանությունում: Ես համոզված եմ, որ հայ կանանց մեջ կա այդ ունակությունը»,- կանանց միամսյակին նվիրված մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը:
Նրա համոզմամբ` հայ ժողովուրդն արժանի է, որպեսզի կանայք ավելին անեն:
Բանախոսի խոսքով, կանանց մոտ նկատվում է ինքնիրացման բավականին ցածր մակարդակ, թեև նրանք էլ քաջ գիտակցում են, որ առանց կանանց դժվար է պատկերացնել ինչ-որ ոլորտ: Լ.Ալավերդյանն անգամ նկատեց, որ եթե կանայք չլինեին, ապա մամուլի սրահն էլ այսօր ուղղակի չէր լցվի, քանի որ լրագրության մեջ գերիշխում են կանայք:
Ինչ վերաբերում է այն խնդրին, որ կանայք, այդուհանդերձ, քիչ են քաղաքական կյանքում, տիկին Ալավերդյանը հորդորեց կանանց ուղղակի լինել ավելի ուժեղ և ունակ այն ոլորտում, որտեղ նրանք ցանկանում են օգուտ բերել. «Ես համոզված եմ` սա է ճանապարհը»:
Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանն էլ իր հերթին ասաց, որ երբեք իր կենսագրության ընթացքում որևէ անբարյացկամ վերաբերմունքի, դրսևորման կամ խտրականության տղամարդկանց կողմից չի հանդիպել, հակառակը` իր ներկայությունը տարբեր ոլորտներում կարծես սթափեցնող ու զսպող է եղել տղամարդ պաշտոնյաների համար: Կինն ուղղակի պետք է ինքն իր համար պատասխանի` ի՞նչն է իր համար կարևոր` երկու-երեք երախա ունենալ ու ընտանիքի մայր լինելը, թե զբաղվել նաև հասարակական-քաղաքական գործունեությամբ:
Տիկին Դանիելյանի կարծիքով, համատեղելը դրանք կնոջ համար իսկապես դժվար է, բայց կարևորը ցանկությունն է լինել այնտեղ, որտեղ ուզում ես:
Ներկայիս իրավիճակը գնահատելով նա ասաց. «Երբեմն լինում է այնպես, որ ֆորմալ մոտեցումն է դրսևորվում այս հարցում. ունենք կանայք, որոնք իրենց տեղը գտել են հանրության մեջ, ակտիվ զբաղվում են ինչ-որ ոլորտում, բայց տղամարդիկ այնքան էլ հաճույքով չեն ներգրավվում նրանց իշխանության մեջ: Իսկ միջազգային հանրությունը պահանջում է, որ գենդերային բալանս լինի»:
Լ.Ալավերդյանը շարունակեց. «Կան կանայք, որոնք ակտիվ ինչ-որ բան անում են, բայց իշխանության են գալիս ու գրավում այսպես կոչված աթոռները բոլորովին այլ կանայք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան