Թուրքերը շարունակում են Անիի պատմությունից ջնջել հայկական հետքը
Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալության պատմական փաստերի խեղաթյուրումներին անդրադարձել է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը` նշելով, որ փորձ է արվում հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիի պատմությունից ջնջել հայկական ինքնության հետքերը:
«Անիի մասին գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն`շուրջ 7 հազարամյա պատմություն ունեցող այդ քաղաքի առաջին բնակիչները, իբր, եղել են սկյութական ծագում ունեցող թուրքերը (Saka Türkler), իսկ քաղաքի ամենանշանավոր կոթողներն էլ մզկիթներն են»,- ընդգծում է «Դեմոկրատ հաբերը»:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2008-ին Թուրքիայի մշակույթի նախարարությունը, ստեղծելով Անիի մասին ինտերնետային կայք, խուսափել է «հայ» բառի գործածումից: Եվ ահա 6 տարի անց, փաստորեն, նույն բանն անում է «Անադոլուն», երբ իր բաժանորդներին Անիի մասին լրատվություն տրամադրելիս շրջանցում է «հայ» բառը: Անիի մասին պատմող «Անադոլուի» լուրի մեջ ամեն ինչ ու ամենքը կան, բացի հայերից: Հիշատակվում է սասանյանների, բյուզանդացիների, վրացիների, կարա-կոյունլուների, ակ-կոյունլուների, օսմանցիների և ռուսների մասին, բայց ոչ` հայերի: Նույնիսկ Բագրատունյաց դինաստիայի մասին հիշատակող հատվածներում չի նշվում, որ այդ դինաստիայի ներկայացուցիչները հայեր են եղել:
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Կարսի նահանգային վարչության ղեկավար Հաքան Դողանայը նույնպես բառ անգամ չի ասում հայերի թողած պատմական հետքերի մասին: Փոխարենը նշել է, որ Անին իր միջնադարյան ճարտարապետության կոթողներով մեծարժեք է և զբոսաշրջության զարգացման տեսանկյունից` խիստ գրավիչ:
Նշենք, որ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա գտնվող Անին եղել է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը: Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից: Քաղաքն ունեցել է զարգացման երեք շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։ Քաղաքը հայտնի է եղել նաև «Հազարումի եկեղեցիների քաղաք» և «Արևելքի մարգարիտ» անվանումներով: Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ դեր է կատարել ոչ միայն որպես երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոն` թագավորանիստ և կաթողիկոսանիստ, այլև քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման առաջնակարգ վայր: Պատահական չէ, որ այս քաղաքի պատմության և ընդհանուր մշակութային ժառանգության ուսումնասիրությունը հայագիտության մեջ առանձին անունով անիագիտություն է կոչվում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում