Պոլսահայ գրող Նիշանյանին բանտախցում ստիպում են գետնին քնել և թույլ չեն տալիս լոգանք ընդունել
Թուրքիայում ապրող հայ գրող Սևան Նիշանյանին, ում ձերբակալել են անօրինական շինարարություն կատարելու մեղադրանքով, ստիպում են բանտախցում գետնին քնել և թույլ չեն տալիս լոգանք ընդունել: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Անցյալ շաբաթ Նիշանյանին բաց բանտախցից տեղափոխել են փակ բանտախուց, այն բանից հետո, երբ նա հասարակությանը նամակ էր գրել՝ բացատրելով, թե ինչպես է հետաքննություն սկսվել իր հանդեպ, երբ նա դատապարտել է այն անվտանգության աշխատակցին, ով բանտախցում գողացել էր նրա վարկային քարտը:
Մի շարք լրագրողներ, գրողներ և ակտիվիստներ անհանգստություն են հայտնել բանտախցի պայմանների վերաբերյալ:
«Մեր պետությունը հետ չի քաշվում Նիշանյանին կտտանքների ենթարկելուց: Նիշանյանը ստիպողաբար տեղափոխել են Թուրքիայի ամենավատ համբավ ունեցող Բուջա փակ բանտ: Տորբալի բաց բանտում արդեն իսկ նրան վատ վերաբերմունք էին ցուցաբերել: Մենք նրանց փոխարեն ամանչում ենք»,-նշել է գրող Սայիդ Ջեթինօղլուն (Sait Cetinoglu):
Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Նիշանյանին ստիպում են գետնին քնել, անկողնու բացակայության պատճառով, այն համարելով կտտանք:
Խումբը, որը ձևավորվել է ի պաշտպանություն Նիշանյանի, որոշել է միջազգային հանրությանը տեղեկացնել նրա հանդեպ վատ վերաբերմունքի մասին:
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 12-ին Թուրքիայի Վերաքննիչ դատարանը հաստատել էր Նիշանյանին տրված երկու տարվա ազատազրկումը: Նա ձերբակալվել էր Իզմիրի Շիրինջ գյուղում, որտեղ նա ապրում է, անօրինական շինարարություն կատարելու մեղադրանքով: Նիշանյանին նաև 13,5 ամսվա ազատազրկում էր սպառնում, երբ մայիսին Ստամբուլի դատարանը նրան մեղավոր ճանաչեց հակաիսլամական «Մահմեդականների անմեղություն» ֆիլմին իր բլոգում աջակցելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին