Գյուղապետ. Համայնքների խոշորացումը ես ճիշտ չեմ համարում…
«Ծղուկը ժամանակին եղել է կցորդ այդ գյուղերին` սովխոզի ժամանակ, կենտրոնն եղել է կամ Գորայքը, կամ Սառնակունքը… բայց համայնքների խոշորացումը ես ճիշտ չեմ համարում…. Գոնե առայժմ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ծղուկ համայնքի ղեկավար Մեսրոպ Ամիրջանյանը:
Հիշեցնենք, մամուլում այսօր հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, թե համայնքների խոշորացման պիլոտային ծրագրով ինչ համայնքներ են ստեղծվելու և դրանց թվում նշել, որ մասնավորապես Սյունիքում խոշորացումը նախատեսվում է նաև Սառնակունք համայնքում, որն իր մեջ ներառելու է Սառնակունք, Ծղուկ, Գորայք համայնքներն ու Սպանդարյանի բնակավայրերը:
Հարցին, թե ինչու է այս պահի դրությամբ սխալ համարում համայնքների խոշորացումը, համայնքապետը նշեց, որ բազմաթիվ հարցեր կան. «Մի քանի օր առաջ Գորիսում հանդիպել ու այդ հարցը քննարկել ենք Վաչե Տերտերյանի հետ (Տարածքային կառավարման փոխնախարար): Նախնական պատկերացումը տվեցին, խոսեցին: Առայժմ ծրագիրը նախնական փուլում է, շատ անելիք կա ու մանավանդ` դեռ պիտի նորից բնակչության հետ խոսենք, քննարկենք և այլն»:
Իսկ հարցին` արդյո՞ք իշխանությունները կարիք ունեն լսելու բնակիչների կարծիքը, թե որոշել են ու կանեն, պարոն Ամիրջանյանն ասաց, որ ամեն դեպքում հավաստիացրել են, որ այդ հարցով հանրաքվե է անցկացվելու: Խոսքը, հստակեցրեց նա, մինչև 2016թ-ն ընկած գործընթացների մասին է:
«Իրականում շատ հարցեր կան: Օրինակ տեսեք, եթե Սառնակունքը լինի կենտրոնը, ապա Գորայքը դրանից ստացվում է 16 կմ հեռավորության վրա: Պատկերացնում եք մի հարց լինի ու էնտեղի ժողովուրդը էդքան ճամփա պիտի անցնի…. Իսկականից բարդ է »,- նշեց նա ու հավելեց, որ նմանատիպ շատ խնդիրներ կան, որ ի հայտ կգան խոշորացման ծրագրի ժամանակ և դրանք այսօր լուրջ մտածելու տեղիք են տալիս:
Այնպես որ, հավելեց նա, դեռ հնարավոր էլ չի հստակ ասել` կլինի այդ խոշորացումը, թե ամենը կմնա այնպես, ինչպես կա:
Նշենք, որ համայնքների խոշորացմանն ուղղված ծրագրերի մասին խոսվում է վաղուց, սակայն առանձնակի չէր բարձրաձայնվում այդ մասին: Թեև գործընթացը, ինչպես ասում են, արդեն մեկնարկել է. երկու օր առաջ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ՏԿՆ-ում կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում ներկայացվել են համայնքների խոշորացման մոտեցումներն ու սկզբունքները հայտարարել էր, որ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգը բավականին լուրջ բարեփոխումների նախաշեմին է:
Նախորդիվ`
Խոշորացման պիլոտային ծրագրով ստեղծվելու են մի քանի համայնքներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան