Եվրամիությունը որոշել է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը
Եվրամիության առաջնորդները դատապարտում են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը: Նրանք կոչ են Ռուսաստանին անհապաղ դուրս բերել զինված ուժերը իրենց մշտական տեղակայման վայր և թույլատրել միջազգային դիտորդների մուտքը: Այս մասին ասված է նախօրեին Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի արդյունքում եվրոպական պետությունների առաջնորդների ընդունած համատեղ հայտարարության մեջ:
ԵՄ առաջնորդները համարում են, որ Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ղրիմի Գերագույն խորհրդի որոշումը հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը, հետևաբար անօրինական է: Նրանք ուկրաինական ճգնաժամի հաղթահարման ելքը տեսնում են Ուկրաինայի և Ռուսաստանի կառավարությունների միջև բանակցություններում:
Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Եվրամիությունը որոշել է կասեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման և նոր հիմնարար համաձայնագրի շուրջ բանակցությունները: Որոշվել է նաև աջակցել Մեծ ութնյակի որոշ պետությունների որոշմանը հետաձգել հունիսին Սոչիում նախատեսված Մեծ ութնյակի գագաթաժողովին մասնակցությունը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև բանակցությունները պետք է սկսվեն առաջիկա օրերին և հանգեցնեն կոնկրետ արդյունքների կարճ ժամանակում: Արդյունքների բացակայության դեպքում ԵՄ-ն կդիմի այլ միջոցների, ինչպես օրինակ այցելությունների արգելում, ակտիվների սառեցում և ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովի չեղյալ հայտարարում: Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ Ռուսաստանի հետագա ցանկացած քայլ կհանգեցնի հեռուն գնացող հետևանքների Եվրամիության և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերություններում»,- նշված է հայտարության մեջ:
Եվրամիության առաջնորդները վերահաստատել են Ուկրաինայի հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման առաջարկը: Միևնույն ժամանակ Եվրամիությունը անհրաժեշտ է համարել մինչև Ուկրաինայում մայիսի 25-ի ընտրությունները ստորագրել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ տնտեսական մասը թողնելով ապագային:
Հիշեցնենք, որ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանը պատրաստ է Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում Եվրամիության հետ նախաստորագրել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ առանց դրա տնտեսական բաղադրիչի (Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ պայմանագրի): Սակայն Եվրամիության պաշտոնյաները հայտարարեցին, որ անհնար է նախաստորագրել համաձայնագրի միայն քաղաքական մասը՝ առանց տնտեսական բաղադրիչի, քանի որ դա մեկ միասնական փաստաթուղթ է, և որ քաղաքական մասն առանց տնտեսականի զրկվում է իր բովանդակությունից:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով