Պարտադիր կուտակային վճարը չի կարող հարկի կարգավիճակ ստանալ
Ազգային Ժողովի Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, թե նման տեղեկությոն չունի, որ պարտադիր կուտակային վճարը կարող է հարկի կարգավիճակ ստանալ, և հավելել է, որ նման բան չի կարող լինել:
«Սիվիլնեթը» հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ֆիննախում օրենսդրական նախագիծ է մշակվում, որով աշխատողներից պարտադիր գանձվող 5 տոկոս վճարը հարկի կարգավիճակ է ստանալու:
«Հարկի ձևով չի կարող լինել, քանի որ դա կփոխի կուտակայինի բոլոր սկզբունքները: Եթե դա հարկ է դառնում, ուրեմն քաղաքացու սեփականությունը չի կարող լինել: Այստեղ ամբողջ իմաստն այն է, որ այդ գումարը դառնում է քաղաքացու սեփականությունը ընդմիշտ, վճարման օրվանից, և նա կարող է օգտագործել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո: Սա է ամբողջ հոգեբանությունը: Ասում են՝ փողը քոնն է, և պետությունն էլ ավելացնում է նույնքան: Այսինքն, կփոխվի ամբողջ հոգեբանությունը: Դուք նոր երևույթի մասին եք խոսում»,-ասել է Հակոբ Հակոբյանը:
Իսկ եթե պարզվի, որ այդպես է լինելու՞, թերթի թղթակցի հարցին Հակոբյանը պատասխանել է. «Եթե պարզվի, որ այդպես է, ես կասեմ, որ սխալ է, որ այդպես է: Եթե պարզվի»: