Սերգեյ Մինասյան. ԵՄ-ն առաջնորդվում է երկակի ստանդարտներով
Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները ստիպեցին ԵՄ-ին առաջնորդվել երկակի ստանդարտներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Զուգահեռներ անցկացնելով ԵՄ-Ուկրաինա և ԵՄ-Հայաստան հարաբերություների միջև` քաղաքագետը նշեց, առկա զարգացումները հնարավորություն են ընձեռնում հանգել շատ հետաքրքիր եզրահանգումների:
«ԵՄ հայտարարեց, որ պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման պայմանագիրը, սակայն կսկսի այն քաղաքական դրույթներից, այլ ոչ թե Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններից: Եթե հիշում եք, սեպտեմբերի 3-ի` Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ հայտարարության հենց հաջորդ օրը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարության արեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել ասոցացման պայմանագրի քաղաքական մասը` առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման համաձայնագրի: Այն ժամանակ խոսք գնաց այն մասին ԵՄ-ն, բյուրոկրատական կամ քաղաքական պատճառներից ելնելով, պատրաստ է դա չանել, բայց մենք տեսնում ենք, որ կրկնակի ստանդարտները նույնիսկ Բրյուսելին կարող են ստիպել փոխել ռազմավարությունը»,- ասաց Սերգեյ Մինասյանը: