Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման ժամկետները չեն պահպանվել
Սիրիան չի հասցնում նախապես պայմանավորված ժամկետում ավարտել քիմիական զենքի ոչնչացումը: Այս մասին Reuters գործակալությանը փոխանցել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ունեցած աղբյուրը:
Մինչև մարտի 15-ը Սիրիան պետք է ոչնչացներ քիմիական զենք արտադրող իր 12 ձեռնարկություն, սակայն ՔԶԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, այդ օբյեկտներից ոչ մեկում մարտի 6-ի դրությամբ ոչնչացման աշխատանքները չեն ավարտվել, և ակնհայտ է, որ նախանշված ժամկետներին չեն հասցնի:
Գործակալությունը հիշեցնում է, որ Սիրիայի իշխանություններն առաջարկել են պահպանել մի քանի ձեռնարկություններ` դրանք հետագայում վերափոխելով քաղաքացիների կարիքները հոգալու գործարաններ: Սակայն Արևմուտքի երկրները կտրականապես դեմ էին դրան` նշելով, որ այդպիսի օբյեկտների` ռազմական նպատակներով կիրառումը կարող է վերսկսվել ցանկացած պահի:
ՔԶԱԿ-ը հիշեցնում է, որ Սիրիան չի հասցնի նաև իր քիմիական զենքը դուրս բերել մինչև մարտի 30-ը: Ըստ ՔԶԱԿ-ի նախնական նախագծի՝ առավել վտանգավոր նյութերը Սիրիայից դուրս էին բերվելու մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ մնացածները (բացի իզոպրոպանոլից)՝ մինչև 2014 թվականի փետրվարի 5-ը: Չլիցքավորված սպառազինությունը Սիրիայից դուրս էր բերվելու և ոչնչացվելու մինչև 2014 թվականի մարտի 15-ը, իսկ քիմիական զենքի օբյեկտները՝ 2013 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի մարտի 15-ն ընկած ժամանակատահվածում: Առաջնային քիմիական զենքի ոչնչացումն ավարտվելու էր 2014 թվականի մարտին, իսկ մնացածներինը՝ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Քիմիական զենքերի պաշարները կոչնչացվեն ԱՄՆ Cape Ray նավի վրա Միջերկրական ծովի չեզոք ջրերում: Սակայն նշված բոլոր ժամկետները հետաձգվում են: Սիրիայում քիմիական զենքի առաջին խմբաքանակը դուրս բերվեց 2014 թվականի հունվարի 7-ին: Ընդհանուր առմամբ ոչնչացվելու է մոտ 1300 տոննա թունավոր նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով