Իրական ժողովրդավարները պետք է հարգեն փոքրամասնությունների իրավունքները
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն, կոնգրեսականներ Ջուդի Չուն, Գարի Փիթերսը և Լինդա Սանչեսը հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթյան զոհվածներին: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը՝ հղում կատարելով «Հայ դատի» ամերիկյան կոմիտեին (ANCA):
«26 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանին դիմել էր Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցով: Նրանց սեփական ապագան որոշելու ցանկությունն հանդիպեց ոտնձգությունների և բռնության, որը Հայոց ցեղասպանությանը նախորդող ողբերգական իրադարձությունների հիշեցում է»,-նշել է Չուն:
«Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` հանուն ազատության և ընդդեմ հայերի դեմ իրականացվող խտրականությունների խաղաղ ցույցերի պատասխանը եղան բռնությունները Սումգայիթի հայերի դեմ, որ գտնվում էին հարյուրավոր մղոններ հեռու, անպաշտպան և թիրախում էին հայտնվել միայն իրենց հայկական ծագման համար… Իրական ժողովրդավարները պետք է հարգեն փոքրամասնությունների իրավունքները և բոլոր բնակիչների` Մարդու իրավունքները»,- նշել է Փիթերսը:
«Հույս ունեմ, որ հրապարակային խոսելով այն դաժանությունների մասին, որոնք մեր աշխարհի եղբայրներն անցել են, մեզ կօգնենք վերահաստատել տևական, խաղաղ և ժողովրդավարական կարգավորման հարցում Ամերիկայի նվիրվածությունը»,-նշել է Սանչեսը:
«Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, ես շարունակելու եմ ամբողջ Կովկասի տարածաշրջանում նպաստել խաղաղությանը և անվտանգությանը: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ հայ ժողովուրդը երբեք չի վախենա նման հարձակումներից»,-նշել է Փալոնեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դեյվիդ Սիսիլայնը խստորեն դատապարտել էին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածները և աջակցություն հայտնել Արցախի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքին:
Ավելի վաղ էլ, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ինչպես նաև ներկայaցուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը, Թոնի Կարդենասը, Աննա Էշուն և Քեթրին Քլարքը հարգանքի տուրք էին մատուցել 1988թ.-ի Սումգայիթի ջարդերի արդյունքում զոհվածների հիշատակին և դատապարտել էին ադրբեջանական ռեժիմի շարունակական բռնության և ահաբեկման քաղաքականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով