«Տեղի իշխանիկներն այնպես էին խոսում ժողովրդի հետ, որ անընդունելի է». Երևան-Ապարան մայրուղին փակելու խնդրի մասին
«Վերջին մի քանի տարվա ընթացքում պաշտոնյաների ոչ մի ասածը ոչ մի ասածի հետ չի բռնում: Սա է անհանգստության պատճառը՝ ժողովուրդը մտածում են, որ մի բան ասում են, արդյունքն այլ բան է ստացվում»,- ասուլիսում նման դիտարկում արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը՝ խոսելով նախօերին Արագածոտնի մարզի Օհանավան և շրջակա 6 գյուղերի մեծ թվով բնակիչների կողից Երևան-Ապարան մայրուղին փակելու և նրաց բողոքի մասին:
Ըստ նրա, այդ ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ մարդկանց չեն բացատրել, թե իրականում ինչ է լինելու:
Նշենք, որ Արագածոտնի մարզի Օհանավան և շրջակա 6 գյուղերի մեծ թվով բնակիչներ նախօրեին փակել էին Երևան-Ապարան մայրուղին` պահանջելով տեղի իշխանություններից դադարեցնել Ապարանի ջրամբարի մոտ հիդրոէլեկտրակայանի կառուցումը: Բնակիչները պնդում են, որ Ապարանի ջրամբարի մոտ կառուցվող ՀԷԿ-ը կնվազեցնի իրենց խնձորի այգիների ոռոգման ջուրը, որն առանց այն էլ, չի բավարարում իրենց:
Լ. Խաչատրյանն ասաց, որ այսօր հանդիպել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ, խոսել խնդրի մասին, ներկայացրել իր մտահոգությունները: Նախարարն էլ, ըստ նրա, պատասխանել է բոլոր հարցերին:
«Պարզապես գյուղացիները պաշտպանում էին օրենքը: Եթե բան է կառուցվում, պետք է ունենա նախագիծ, ուսումնասիրության արդյունքներ, հանրային քննարկման դրվի: Տեղի իշխանիկներն այնպես էին խոսում ժողովրդի հետ, որ անընդունելի է. մեկն ասում էր, որ ԳԷՍ է կառուցվում, մյուսը՝ ԳԷՍ չի կառուցվում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ այն, ինչ նախատեսվում է նախագծով, վատ բան չէ, ուղղակի ժողովրդին ոտքի էր հանել չտեղեկացվածությունը:
«Սևան-հրազդանյան ջրառ» ՓԲԸ տնօրեն Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախապես հանդիպել, խոսել են ժողովրդի հետ, բացատրել են, ուղղակի երևի չեն հավատացել:
«Նրանք մեզ չէին ուզում լսել: Իրականում հավատացնում եմ, որ լավ բան է լինելու. այդտեղ արագահոս կա, ջրի մեծ էներգիա կա, կարելի է ՀԷԿ-ի կասկադ կառուցել: Ջրագիծը կառուցելուց հետո կարելի է նաև ՀԷԿ կառուցել: Եթե ՀԷԿ-ը կառուցվի, բնակիչները կշարունակեն ջուր ունենալ»,- նշեց նա:
Լյովա Խաչատրյանն էլ ասաց, որ ամեն դեպքում կա գործընթաց, պետք է ուսումնասիրվի տարածքը, ինչ ազդեցություններ կարող է ունենալ, անհրաժեշտ թղթերը մշակեն ու ներկայացվեն բնակիչներին, բացատրեն նրանց, թե այդ ամենի արդյունքում ինչ է լինելու, կտրած ընկուզենիների համար փոխհատուցում է լինելու:
«Արագահոսի տերը պետությունն է: Արագահոսը մնում է նույն վիճակում, գյուղացին կստանա իր ջուրը: ՀԷԿ-ի սեփականատերը զուգահեռ ցանց է կառուցում: Մեր պայմաններից մեկն է՝ միայն ոռոգման ռեժիմով, եթե Ապարանի ջրամբարում ջուր չլինի, իր ՀԷԿ-ը չպետք է աշխատի»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:
Լ. Խաչատրյանը նշեց, որ չի հասկանում, թե ինչու է սեփականատերը որոշել սահմանափակ ջրի պարագայում ՀԷԿ կառուցել. «Բայց ուրախ եմ, որ արագահոսը վերանորոգվելու է»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ այս և նմանատիպ այլ դեպքերում ժողովրդի զայրույթն առաջանում է, քանի որ ժողովրդին ճիշտ չի բացատրվում, թե ինչ է լինելու, ինչ են անում:
«Ջրի քանակի, ջրի որակի հետ կապված խնդիր չի լինելու»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝
Փոխվարչապետն արձագանքեց գյուղացիների բողոքի ակցիային (Տեսանյութ)
Գյուղացիները հաղթեցին, իսկ փոխվարչապետը հանդես կգա պարզաբանմամբ
«Տեխնիկան հանել». Թեժ իրավիճակ է ստեղծվել Երևան-Ապարան մայրուղում
Մարզպետը հերքել է, որ ՀԷԿ է կառուցվում, սակայն գյուղացիները չեն հավատում նրան
Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման խնդիրը
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը