Բաց նամակ` Տավուշից. Միջազգային կազմակերպություններից պահանջում են բարձրաձայնել Խոջոյանին խոշտանգելու փաստը
Տավուշի մարզի Միջազգային հայրենակցական միավորումը բաց նամակ է ուղղել միջազգային կազմակերպություների ներկայացուցիչներին:
Ստորև ներկայացնում ենք նամակը
Միջազգային կազմակերպությունների հարգարժան ներկայացուցիչներին`
ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար
պրն. Բ. Բուզետտոին
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար,
դեսպան պրն. Ա. Սորոկինին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի
Հայաստանի պատվիրակության ղեկավար
տկն. Ս. Էպրեխտին
Բոլորիս աչքի առաջ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ, իրենց բնորոշ հերթական վայրագությունը: Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ունի հոգեկան խնդիրներ, ս/թ հունվարի 28-ին, մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանին, հայտնվել էր Ադրբեջանում, որտեղ արժանացել էր խոշտանգումների և վնասվածքներով վերադարձվել Հայաստան:
Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը, լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, պարտավորված է զբաղվելու սահմանային խնդիրներով:
Դիմելով Ձեզ, խնդրում և պահանջում ենք Ձեր խողովակներով խնդրիրը ներկայացնել ողջ աշխարհին և ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` դատապարտելով կատարված անմարդկային վերաբերմունքը խաղաղ բնակչի նկատմամբ, որը հակասում է Ժնևյան չորրորդ կոնվենցիային: Անհրաժեշտ է ձեռնարկել հրատապ միջոցառումներ, քանի որ տվյալ պահին ունենք ևս մեկ սահմանախախտման դեպք. Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը:
Միաժամանակ խնդրում ենք Ձեր գործողությունների արդյունքները հրապարակայնորեն ներկայացնել հանրությանը, որը բխում է նաև Ձեր շահերից»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով