Անհատները պահանջում են հանել խաչը խաղատան վրայից
Facebook-յան օգտատեր Վահագն Սարոյանը սոցիալական ցանցի իր անձնական էջում տեղադրել է լուսանկար, որի վրա երևում է խաղասրահ, որի վրա փակցված է մեծ հայկական խաչ ու գրառում կատարել այդ երևույթի մասին:
«Հայկական խաչ (Ծաղկած խաչ), քրիստոնեական խաչի յուրահատուկ տեսակ, որը օգտագործվում է Հայ Առաքելական եկեղեցու կողմից որպես քրիստոնեության խորհրդանիշ։ Այն տեղադրվում է հայկական եկեղեցիների գմբեթներին, փորագրվում խաչքարերին ու վանական համալիրների պատերին, պատկերվում խորանի վարագույրներին, հոգևորականների զգեստներին:
Սակայն պարզվում է` Խաչի պատկերման վերաբերյալ կանոնները ոչ միայն չեն պահպանվում, այլ լկտիաբար խախտվում են:
Քրիստոնեության խորհրդանիշ համարվող խաչը մոլի խաղերի, «ստրիպտիզ» ակումբների պատերին զարդարելը ուղղակիորեն սրբապղծություն է:
Ինչի հետևանք կարող է լինել այս նկարում պատկերված երևույթը: Մենք այնքան ենք սիրում խաչը, որ պատկերում ենք մոլի խաղատան կամ գիշերային ակումբի պատին, ինչը ոչ միայն չի խրախուսվում, այլ նաև մերժվում է Կտակարանում:
Սա ում թերությունն է` եկեղեցո՞ւ, տվյալ անհատի՞, թե՞ բոլորի՞ս...
Խնդրում և առաջարկում եմ պատկան մարմիններին հեռացնել տալ Խաչի պատկերը այդ հաստատության պատի վրայից: Այլապես հարց է առաջանում՝ մենք քրիստոնյա ենք, թե իմիտացիա ենք անում որ քրիստոնյա ենք ...
Այս խաղատունը գտնվում է Երևանի հյուսիսային ավտոկայանի դիմաց»,- գրառել է օգտատերը:
Panorama.am-ը դիմեց Տեր Շմավոն քահանա Ղևնդյանին` ճշտելու վերջինիս վերաբերմունքը խաչով զարդարված խաղասրահ ունենալու երևույթին:
Հոգևորականը խիստ զարմացավ, որ նման բան հնարավոր է, այն էլ մայրաքաղաք Երևանում, ճշտեց, թե որտեղ է գտնվում այդ հաստատությունը և շեշտելով, որ կարող է արտահայտել միայն իր անձնական կարծիքը, նշեց.
«Բնական է, որ ես շատ դեմ եմ դրան, առավել ևս, որ եկեղեցին հենց խաղատներին է դեմ, քանի որ դա սատանայություն է, համարվում է չարիք: Առավել ևս դրա վրա Խաչ տեղադրելը…»,- ասաց Տեր Շմավոնը:
Հաջորդիվ կներկայացնենք նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի տեսակետը և հարցի պատասխանը` արդյո՞ք կարող է եկեղեցին պահանջել, որպեսզի Խաչը հանվի հաստատության վրայից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները