Հայաստան ներկրվող բելառուսական տրակտորները ֆերմերներին կառաջարկվեն ինքնարժեքով
Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակում սկսել է ևս 100 հատ բելառուսական տրակտորների խմբաքանակի ներմուծումը Հայաստան: Ինչպես Panorama.am-ին հայտնեց ՓՄՁ ԶԱԿ-ի հանրային կապի պատասխանատու Դավիթ Մուրադյանը, սա 2013 թ. հուլիսին Հայաստան ներմուծված 120 «Բելառուս» մակնիշի տրակտորի և 135 միավոր կից սարքավորումների երկրորդ խմբաքանակն է:
Մի քանի օր առաջ, ինչպես նշեց Դ.Մուրադյանը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գրասենյակում Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը ստորագրել են տրակտորների առուվաճառքի պայմանագիր: Գործարքի համաձայն՝ 20 տրակտոր ուղարկվել է դեպի Արցախ՝ ֆերմերներին լիզինգով կամ ուղղակի վաճառքով տրամադրելու համար: Շուտով, ըստ նրա, հայկական երկրորդ պետություն կուղևորվեն նաև տրակտորներին կից սարքավորումները: Դ.Մուրադյանը նշեց նաև, որ անցած տարի Արցախ է տարվել բերված խմբաքանակի տրակտորներից 20-ը:
Նրա խոսքերով` 2014 թ. արտադրության МТЗ-82.1 մակնիշի ժամանակակից տրակտորներն առանց միջնորդի գնվել են գործարանից և մեխանիզատորներին ու ֆերմերներին են առաջարկվում ինքնարժեքով, որը Հայաստանի շուկայական գնից մոտ 30 % ցածր է: Տրակտորներն առաջարկվում են կանխիկ և լիզինգով: Տրակտորի գինը` 7մլն դրամ է: Լիզինգային պայմաններն են՝ 20 % կանխավճար, տարեկան 9 % ներառյալ ռիսկի ապահովագրումը, ժամկետը` 6 տարի տրակտորների համար և 3 տարի հարակից սարքավորումների համար: Լիզինգն իրականացնում է ՓՄՁ ներդրումներ ունիվերսալ վարկային կազմակերպությունը (ՈՒՎԿ):
Նշենք, որ Հայաստանի և Բելառուսի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, 2013 թ. մայիսի 31-ին Բելառուս կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բելառուսական կողմը զգալի զեղչով Հայաստանին է տրամադրելու 300 տրակտոր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան