Ո՞րն է Քեթրին Էշթոնի՝ Իրան կատարած այցի նպատակը
«Իրանը ցանկանում է Եվրամիության հետ նոր հարաբերություններ հաստատել»,-ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը, ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարին, մասնավորապես հայտարարել է. «Իրանի նոր կառավարությունը պատրաստ է փոխադարձ հարգանքի հիման վրա կառուցողական հարաբերություններ հաստատել աշխարհի բոլոր երկրների հետ. Արտաքին քաղաքականության ոլորտում մեր առաջնահերթություններից մեկն էլ Եվրամիության հետ նոր հարաբերություններ հաստատելն է»:
Հասան Ռոհանին ընդգծել է, որ Իրանն ու Եվրամիությունը կարող են համագործակցել Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի հարցում, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի տարանցման, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում:
«Ես՝ որպես ԵՄ ներկայացուցիչ, 28 անդամ երկրների բարի կամքի պատգամն եմ փոխանցում Իրանի իշխանություններին»,- հայտարարել է Քեթրին Էշթոնը և հավելել, որ առաջին անգամն է, երբ բացի միջուկային ծրագրից, Եվրամիությունը Իրանի իշխանությունների հետ այլ հարցերի մասին ևս քննարկումներ է անցկացնում:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Քեթրին Էշթոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թեհրան կատարած այցի նպատակներին, մասնավորապես նշել է. «ԵՄ անդամ երկրներից շատերը Իրանի հետ պատմական հարաբերություններ ունեն, այդ երկրներից շատերը վերջերս իրենց ԱԳ նախարարներին գործուղել էին Իրան: Այցի հիմնական նպատակն է, որպեսզի իրանական կողմի հետ քննարկենք, թե ապագայում երկկողմ հարաբերությունները զարգացնելու ի՞նչ հնարավորություններ կան»:
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատարը հանդիպել է նաև Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի, ԻԻՀ հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում