Խորհրդարանում Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի
2008 թվականի Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի. ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացրած համապատասխան որոշման նախագիծը խորհրդարանը մերժեց ձայների հետևյալ համամասնությամբ` 46 կողմ, դեմ 66, ձեռնպահ 1:
Քվեարկությունից առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի որոշման նախագծին և մյուսներին էլ կոչ արեց կողմ քվեարկել:
«Կոչ ենք անում բոլոր այն քաղաքական ուժերին, որոնց համար կարևոր է ստանալ այդ հարցերի պատասխանը, կողմ քվեարկել նախագծին: Մեզ համար մեկ կենտրոնի կողմից կառավարվող լրատվամիջոցների հարցերը տաբու չեն` այդ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու համար», -հայտարարեց Զոհրաբյանը:
Այնուհետև վարման կարգով խոսք խնդրեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը և հայտարարեց, որ իրենք դեմ են որոշման նախագծին:
«Մենք լուրջ ենք մոտենում հարցին, նրանք, ովքեր կարծում են, որ շոուներ անելու ժամանակն է, սխալվում են: Մենք ուսումնասիրել ենք երեք հանձնաժողովների աշխատանքները և նպատակահարմար չենք գտնում մեկ այլ հանձնաժողով ստեղծելը», -հայտարարեց Սահակյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով նախագծի հիմնական ներկայացնողն էր, ևս ելույթ ունեցավ և արձագանքեց Սահակյանին. «Ես, որպես նախագծի ներկայացնող, համենայնդեպս, շոուի նպատակ չեմ հետապնդել: Ցավում եմ, որ բովանդակային առաջարկություն չհնչեց քննարկումների ժամանակ: Միաժամանակ զարմանում եմ, որ բոլոր պատգամավորները ցանկանում են բացահայտվի, բայց կողմ չեն որոշման նախագծին»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նույնպես արձագանքելով Գալուստ Սահակյանի հայտարարությանը, նկատեց. «Գալուստ Սահակյանի մատնանշած նախորդ հանձնաժողովները որևէ առնչություն չունեն ներկայացված նախագծի հետ: Իրականում այս հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր թե իրավապահ մարմինները արդարադատության իրականացման ճանապարհին ինչ խոչընդոտներ են թույլ տվել: Եթե չեք քվեարկում, ապա թափված արյան պատասխանատվությունն ընկնում է Ձեզ վրա»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մոտ հարց է առաջացել` ինչու մեծամասնությունը չի ցանկանում, որ այդ հանձնաժողովն ստեղծվի: Նա նույնիսկ բարկացած ասաց. «Շատ բաներ, որ չեմ ասում, ուղղակի միկրոֆոնը թույլ չի տալիս»:
Նրա այս խոսքից հետո նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց անջատել նրա բարձրախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան