Հանրապետականներն առաջարկում են թույլատրելի դարձնել ալկոհոլային խմիչքների գովազդը
Գովազդի և հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքներում Հանրապետական խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից կատարված փոփոխություններով առաջարկվում է արգելել զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ցուցադրել ծխախոտի գովազդ, և թույլատրելի դարձնել նույն միջոցներով ժամը 22:00-ից մինչև առավոտյան 06:00-ն թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր) գովազդը: Բացի տեղական արտադրության կոնյակից` արգելել ժամը 06:00-ից մինչև 22:00-ն թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի ցուցադրումը:
Թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը 22:00-ից կշարունակվի մինչև առավոտյան 06:00-ն: Պատգամավորներն այս նախաձեռնությամբ արտոնություններ են տալիս կոնյակի տեղական արտադրողին` թույլատրելով անսահմանափակ եթեր գովազդի համար:
«Դա պայմանավորված է նրանով, որ գովազդի շուկայում այն ընկերությունները, որոնք իրենց արտադրատեսակները սպառում են հայաստանյան շուկայում և զբաղված են առանձին ապրանքատեսակների ներմուծմամբ, նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ շուրջ 1 մլրդ դրամ կարող է նախատեսված լինել տվյալ ընկերությունների կողմից որպես գովազդային շուկային ուղղված միջոցներ, պարզապես ՀՀ չեն մտնում: Մինչդեռ այդ միջոցները կարող էին ուղղվել մեր հեռուստաընկերություններին, բարձրացնել նրանց ֆինանսական ինքնաբավությունը, նպաստել նրանց կայունությանն ու հեռուստատեսային ծրագրերի բազմազան բովանդակությանը», -օրենքների նախագիծը ներկայացնելիս խորհրդարանում հայտարարեց նախագծերի համահեղինակ Սամվել Ֆարմանյանը:
Ի դեպ, նախագծերի հեղինակների թվում Ֆարմանյանը միակը չէ. նրա հետ միասին համահեղինակներ են Հանրապետականներ Տաճատ Վարդապետյանը, Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, (Գովազդի մասին օրենքում փոփոխության համահեղինակներից է նաև Էդմոն Մարուքյանը) և Արման Սահակյանը, ով համարվում է մի ընկերության հիմնադիրը, որը նաև ալկոհոլային խմիչքներ է ներմուծում:
Նախագծերը ներկայացնելիս Ֆարմանյանը շտապեց կանխել ընդդիմադիր գործընկերների հնարավոր մտավախությունները և հայտարարեց, որ ներկայացված նախագծերը որևէ հետին նպատակ չեն հետապնդում:
ԱԺ Դաշնակցական խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը թերահավատություն հայտնեց նախագծերը մշակած կազմի նկատմամբ և նկատեց, որ ամբողջ աշխարհը գնում է մի ուղղությամբ, Հայաստանը` մեկ այլ` թույլատրելի դարձնելով ակլոհոլային խմիչքների գովազդը: Պատգամավորին հետաքրքրում էր, թե այս «անախրոնիզմին» դիմելով` ինչ խնդիր են լուծում Հանրապետականները: «Արդյոք սա հակասության մեջ չէ՞ հասարակության շահի հետ: Եթե ԱԺ-ում փորձառու մասնագետները ներկայացնեին, ես կհասկանայի: Կազմը, որ ես նայում եմ շատ երիտասարդ, եռանդուն էդ տեսակ բաներից հեռու մարդիկ են էլի: Ինչի՞ եք այս կազմով նման բան անում», -հայտարարեց դաշնակցական Վարդանյանը:
Ի պատասխան Ֆարմանյանն արձագանքեց` կրկնելով, որ օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է հեռուստատեսային շուկան զարգացնելով և գովազդի դիմաց այդտեղ գումար ուղղելով: «Օրենսդրական նախաձեռնության համահեղինակները որևէ լուրջ մտահոգություն չեն տեսնում, որ այդպիսով անտեսվում են հասարակական շահերը: Ես կարող եմ վիճակագրական տվյալներ բերել, որոնց համաձայն, ալկոհոլային խմիչքների արգելումը երկրում չի ազդել ալկոհոլի սպառման նվազման կամ աճի վրա», -իր հերթին հայտարարեց Ֆարմանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները