«Ռոսկոսմոսը» ցանկանում է ընդլայնել հայկական ձեռնարկությունների հետ փոխգործակցությունը
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակությանը` Սերգեյ Սերեդինի գլխավորությամբ: Համաձայն Արթուր Բաղդասարյանի և «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Օստապենկոյի հետ ձեռք բերված պայմանավորվածության, գործակալությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հանրապետությունում այդ ոլորտի առկա ներուժի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից:
ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների և ճյուղային արտադրության զարգացման ոլորտում: Նա աշխատանքային խմբին տեղեկացրել է, որ Հայաստանում առկա են ձեռնարկություններ, որոնք կարող են ռուսաստանյան ձեռնարկություններին մատակարարել տիեզերագնացության մեջ օգտագործվող ռադիոէլեկտրական սարքավորումներ:
«Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները արդյունավետ են գնահատել համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել առաջիկայում հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:
Աշխատանքային խմբի անդամները հանդիպումներ են նախատեսում Բյուրականի աստղադիտարանում, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ:
ԱԱԽ քարտուղարի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաև «Ռոսկոսմոսի» ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում