Ջ. Ուորլիք. Միջազգային հանրությունը մեծ ուշադրություն է ցուցաբերում ԼՂ հակամարտությանը
Թուրքիա և Շվեդիա կատարած այցերից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթերի» իր միկրոբլոգում նշել էր, թե «օգտակար է լսել Թուրքիայի կառավարության տեսակետը տարածաշրջանային հարցերի, հատկապես Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին»:
Վերջինս նաև շնորհակալություն էր հայտնել Շվեդիային և Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին. «Շնորհակալություն Շվեդիային և Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտին հակամարտության կարգավորման հարցում ակտիվ ներգրավածության համար: Եկեք միասին շարունակենք մեր աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»:
Panorama.am-ի հարցին, թե ո՞րն էր Թուրքիայի ու Շվեդիայի հետ խորհրդակցություններ անկացնելու նպատակը, Շվեդիայի ի՞նչ ակտիվ ներգրավվածություն մասին է խոսքը և ի՞նչ դեր կարող է խաղալ Շվեդիան և մյուս երկրներն այս հարցում` առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշեց. «Վերջին շաբաթներին մենք եղանք Անկարայում և Ստոկհոլմում՝ խորհրդակցելու Մինսկի խմբի անդամ այլ երկրների հետ, լսելու նրանց դիրքորոշումը հակամարտության ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Միջազգային հանրությունը մեծ ուշադրություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և մենք ակնկալում ենք հետագա քննարկումներ գործընկերների ու դաշնակիցների հետ: Մենք ողջունում ենք Շվեդիայի հետաքրքրության մեծացումը տարածաշրջանի նկատմամբ և նոր դեսպանատների բացումը Բաքվում և Երևանում»: