Աբգար Ափինյան. Ունենալով մեծ արժեքներ, մենք չենք կարողանում կյանք ապահովել դրանց համար
«Մենք չկարողացանք անցած տարի վերակառուցել մեր մշակութային կյանքը: Դա վերաբերում է բոլոր գրական-ստեղծագործական կազմակերպություններին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Նրա բնորոշմամբ, առ այսօր որոնում են մի մոդել, որով կկարողանան աշխատել, մշակույթի մարդիկ առ այսօր փորում են ստանալ պետության հովանավորությունը:
«Մեր մշակույթը բոլորովին չի զիջում եվրոպական մշակույթին, բայց չի ստեղծվել այն մոդելը, որ մշակույթը դառնա բյուջեն համալրող, այլ ոչ թե փոխընկալող: Մշակույթը չի գտել գործառնության մոդելը: Մեր ուսումնասիրությունը բերեց համոզության, որ ունենալով մեծ արժեքներ, մենք չենք կարողանում կյանք ապահովել այդ արժեքների համար: Օրինակ, Գրողների միության Ծաղկաձորի տունը, որ հսկայական հանգստյան տուն է, կառուցվել է գրողների գրքերից վաճառված գումարից: Այդ նույն բանը կարող ենք անել նաև այսօր»,- ասաց նա:
Աբգար Ափինյանի խոսքով, անկախության տարիներին ապաշնորհներն են մեջտեղ բերվել ու դուրս են մղվել տաղանդավորները. «Բոլոր ոլորտներում մենք բարձրացրել ենք անիրազեկ մարդկանց: Մարդիկ խնդիրը չեն պատկերացնում, բայց կառավարում են ոլորտը: Այդ է պատճառը,որ Գառնիի տարածքում ցանկանում են սրճարան կառուցել»:
Նրա կարծիքով, գրողները պետք է մասնակցեն քաղաքական գործընթացներին քաղաքական գործիչներից ոչ պակաս: Ըստ Աբգար Ափինյանի, Հայաստանը չի կարող փրկվել փողոցային հեղափոխությամբ:
«Այսօր շատ է խոսվում իշխանության փոփոխության մասին, մենք էլ ենք ուզում դա: Դա պետք է լինի փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Շատ լուրջ փոփոխություներ են անհրաժեշտ: Պետք է մասնագետներն ու գիտուն մարդիկ առաջ բերվեն: Այսքան բողոքում է հայ ժողովուրդը: Այդ բոլոր խնդիրները մեկ ակնթարթում լուծելի են, եթե ղեկավար լինի իրազեկ մարդ: Մենք որևէ կուսակցության խնդիր չենք դնում»,- պարզաբանեց Երևանի գրողների միության նախագահը: