Ա.Ստեփանյան. Վրաստանի նոր իշխանություններն, ի տարբերություն նախորդի, եղբայրության իմիտացիա չեն անում
«Վրաց նոր իշխանությունների վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների նկատմամբ կեղծ չէ. Ի տարբերություն նախորդ իշխանությունների նրանք եղբայրության իմիտացիա չեն անում` միևնույն ժամանակ ոստիկանական մահակը թափահարելով, և սիրո խոստումներ չեն տալիս: Կարևորը նրանք ընդունում են փաստը, որ Վրաստանը բազմազգ երկիր է` ուզում է դա ինչ-որ մեկը, թե ոչ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
Ըստ նրա, անկախ այն բանից, որ Հայաստանն ու Վրաստանը դարավոր բարեկամության պատմություն ունեն, այդուհանդերձ վերջին քսան տարիներին բազմադարյա ավանդույթները մի անգամ չէ, որ ոտնահարվել են, այնպես որ երկու ժողովուրդները պետք է սկսեն սովորել միասին ապրել:
Հարցին, թե ինչ խնդիրներ են այսօր ծառացած հայ համայնքի առջև, Ա.Ստեփանյանն առանձնացրեց մի քանիսը. «Նախ` Ջավախքի հայությունը կարիք ունի պահպանելու և կիրառելու մայրենի լեզուն: Կարծում եմ պետությունը պետք է վարի կոմպլեմենտար քաղաքականություն այսինքն` վրացերենի էֆեկտիվ ուսուցումը խրախուսել է անհրաժեշտ: Թեև ամենալավատեսական կանխատեսումներով էլ պարզ է, որ ջավախահայությունը առաջիկայում էլ չի կարող խոսել պետական լեզվով: Հարկավոր է ստեղծել խթանիչ պայմաններ հայերենի կիրառման համար և ոչ միայն կենցաղում: Իսկ դա էլ հնարավորություն կտա Ջավախքի հայ համայնքը ներգրավել վրաց պետության տեղեկատվական և քաղաքական հարթակներում և, հետևաբար, մեծացնել նրանց մասնակցությունը ոչ միայն տարածաշրջանային գործընթացներում, այլև երկրի մակարդակով»:
Անդրադառնալով հայկական դպրոցների խնդրին, «Բազմազգ Վրաստան» հկ նախագահը նշեց, որ 2003-2012 թթ-ին փակվել է Թբիլիսիի հայկական դպրոցների կեսից ավելին ու թեև վերջին երկու տարիներին իրավիճակը փոքր-ինչ կայունացել է, այդուհանդերձ փակման վտանգը դեռ գոյություն ունի: Բայց, ըստ մեր զրուցակցի` դպրոցների փակման վտանգը նաև գալիս է նրանից, որ Թբիլիսիի հայությունը այս հարցում հետաքրքրվածություն չի ցուցաբերում:
«Ես կարծում եմ, ծնողների մեծ մասը ոչ թե մտածում է թե ինչ լեզվով պետք է երեխան կրթվի, այլ թե ինչ կարող է սովորել: Ցավոք, հայկական դպրոցներում ուսուցման մակարդակը խթան չի հանդիսանում ծնողների համար երեխաներին հայկական դպրոցներ տանելու համար»,- կարծիք հայտնեց Ա. Ստեփանյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով կարող է Վրաստանի նոր նախագահի դրական վերաբերմունքը հայերի նկատմամբ անդրադառնալ հայ համայնքի ապագայի վրա, Panorama.am-ի զրուցակիցը նշեց, թեև Սահմանադրության փոփոխմամբ նախագահը չի կարող ազդել ներքաղաքական օրակարգի ձևավորման վրա, Մարգվելաշվիլին փորձում է ակտիվ դերակատարում ունենալ ոչ միայն արտաքին քաղաքականության հարցերում. «Նրա տոլերանտ վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների հանդեպ կարող է անդրադառնալ նաև մյուս քաղաքական գործիչների վրա ևս»: