«ֆեյքերի հետ կապված նոր օրինագիծը բավական սխալ մեկնաբանվեց»
Շատ ողջունելի քայլ է զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարելը, պարզապես պետք է դրանց միջոցները լինեն արդյունավետ, որպեսզի դատարկ տեղը կրակոցի էֆեկտ չտան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը:
Անդրադառնալով «ֆեյքերի» հետ կապված նոր օրինագծին և դրա չհասկացված կետերին` նա նաև նշեց, որ այնտեղ ասված է, եթե անձը գործադրելով ողջամիտ ջանքեր չի կարողացել նույնականացնել հեղինակին, որտեղ որ տեղ է գտել վիրավորանքը, նշանակում է, որ ինքն արդեն կարող է պատժի ենթարկել, բայց անհասկանալի է` ինչ քայլերով պետք է պարզել կեղծ օգտատերի ինքնությունը:
«Մինչև օրս Հայաստանի ուժային կառույցներից որևէ մեկը հանձն չի առել բացելու որևէ կեղծ օգտատիրոջ IP-ին և պարզելու, թե ով է նա: Մենք ԵԽ անդամ երկիր ենք և ԵԽ-ն ընդունել է հռչակագիր, անանուն լինելու իրավունքը պաշտպանելու մասով, հետևաբար չեմ հասկանում Հայաստանում ինչպես պետք է պայքար գնա ֆեյքերի դեմ» -ասաց «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը:
BlogNews կայքի խմբագիր Արամ Անտինյանն էլ ասաց, սա հերթական օրինագիծն էր, որը բավական սխալ մեկնաբանվեց առաջին հերթին սոցցանցերում, երբ այն ստացավ «ֆեյքերի դեմ» որակումը և շատերն անգամ չկարդալով այդ օրիանգիծը` սկսեցին մեկնաբանել: Ըստ Անտինյանի` երկրորդ մեղավորները, ովքեր այն պիտակավորեցին որպես «ֆեյքերի դեմ»` պատգամավորներն էին:
«Պատգամավորները փոխանակ շեշտեին, որ դա հանուն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը չոտնահարելու համար է, նրանք ասում էին, որ դա դեմ է ինչ-որ բանի, տվյալ դեպքում ` ֆեյքերի»-նշեց BlogNews-ի խմբագիրը` ավելացնելով, որ այս օրենսդրական նախաձեռնությունը անիմաստ է, որովհետև այն ինչ-որ բան չի տալու:
«Ֆեյքերը մարդիկ են, ովքեր շատ դեպքերում սպասարկում են քաղաքական ուժերին, ովքեր ստորագրել են այդ օրենսդրական նախաձեռնության տակ: Այս դաշտը կանոնակարգել պարզապես հնարավոր չէ»,-նշեց Արամ Անտինյանը: