780 ուսանող կրթաթոշակի հավաստագիր է ստացել
Այսօր պետական բուհերի առկա ուսուցման 1-ին կուրսի 780 ուսանող ստացել է կրթաթոշակի հավաստագիր։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից տեղեկացնում են, որ արարողությանը ներկա է եղել և մի շարք ուսանողների հավաստագրեր է հանձնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը լինելու է շարունակական։
«Ինչ էլ ձեզ համար անենք, միևնույն է, քիչ է, դուք ավելիին եք արժանի։ Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ: Այս ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ ուսանողական ինքնակառավարման լավ ձև է։ Ինքներդ չափանիշներ եք սահմանում, ընտրում եք ում տալ կրթաթոշակ, ինքներդ վերահսկում եք, տեսնում եք, թե գումարներն ում են հասնում, ինչը խթան է լավ սովորելու»,- ասել է վարչապետը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները, ովքեր ի վիճակի չեն ուսման վարձ վճարել, չպետք է դուրս մնան համակարգից, և կրթաթոշակների այս մրցույթը դրա լավագույն հնարավորությունն է։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն էլ ասել է, որ ուսման վարձի փոխհատուցման մրցույթը իրականացվում է առավելագույն թափանցիկության պայմաններում։
«Նախորդ 3 տարիներին մենք այս ծրագրի շրջանակներում արդեն 2150 ուսանողի ֆինանսավորել ենք, ևս 780-ն այսօր ստացան կրթաթոշակի հավաստագրեր։ Ծրագրի շարունակականությունն ապացուցում է, որ ուսանողներն ու կառավարությունը մեզ վստահում են, և մենք կարողանում ենք համապատասխան գումարը ճիշտ հասցեատիրոջը հասցնել։
Այս տարի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար դիմել է մոտ 1500 ուսանող։ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի հատկացման մրցույթ կազմակերպելու համար երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 միլիոն դրամ։
Նախորդիվ`
ՀԵՀ. Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսվարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա