Կ. Աճեմյան. Գերիների հարցը պետք է լինի միջնորդների օրակարգում
«Զինադադարի համաձայնագրի կնքումից 20 տարի է անցել, սակայն ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված` իր բոլոր բացասական հետևանքներով: Սահմանագծին ժամանակ առ ժամանակ մարդիկ են զոհվում, դրան զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ի լուր աշխարհի հիշեցնել, որ պատերազմը չի ավարտվել, իսկ խնդրի ռազմական ճանապարհով կարգավորումը դեռևս Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգում է»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ ՀՀ քաղաքացիները վերջին շրջանում հաճախ հատում են սահմանը ու Ադրբեջանում կտտանքների ենթարկվում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքերով, մինչև համանախագահ երկրները կոչ են անում կողմերին` ժողովուրդներին պատրաստել խաղաղության, իսկ որպես առաջին քայլ` համագործակցել հումանիտար հարցերում, Ադրբեջանում շարունակում է անմարդկային վերաբերմունք դրսևորել հայ գերիների նկատմամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ, Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, ով սույն թվականի հունվարի 28-ին, մոլորության հետևանքով հատել էր հայ-ադրբեջանականը սահմանը` հայտնվելով հակառակորդի վերահսկողության տակ գտնվող տարածքում, հայրենադարձվեց Հայաստան։ Սակայն բուժզննության արդյունքում պարզ դարձավ, որ 77-ամյա Խոջոյանը հրազենային վիրավորում է ստացել, ձեռքը ջարդված է, իսկ առողջական վիճակն առհասարակ բավականին ծանր է:
«Մամիկոն Խոջոյանը վերջին 20 տարիներին խոշտանգումների, դաժան վերաբերմունքի ենթարկված միակ ՀՀ քաղաքացին չէ, սակայն նրա հետ տեղի ունեցածը պետք է բոլորի համար զգաստացնող լինի: Ի վերջո, խոսքը բազմաթիվ մարդկային ճակատագրերի մասին է, իսկ Ադրբեջանի անթույլատրելի վարքագիծը բավականին մշուշոտ է դարձնում հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու պրոցեսը»,- ասաց Կ. Աճեմյանը:
Նա հիշեցրեց, որ այս հարցերով Հայաստանում զբաղվում է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովը` իր համապատասխան աշխատանքային խմբերով, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը բավականին բավականին բարդացնում է գործընթացը:
«Այս գործում համապատասխան մանդատը վերապահված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանում ամեն ինչ անում է խոչընդոտելու վերոնշյալ կազմակերպության աշխատանքը:
Կարծում եմ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, բանակցությունների շրջանակներում, պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն նաև գերիների նկատմամբ իրականացվող բռնությունների ու վերջիններիս հայրենադարձման հետ կապված խնդիրներին, քանզի Ադրբեջանը հայ գերիներին նվաստացնելուց ու դաժան ծեծի ենթարկելուց բացի, ամեն ինչ անում է` նրանց վերադարձը հայրենիք բացառելու համար»,- ասաց պատգամավորը:
Վերջինս նաև հավելեց, որ բանակցային գործընթացը կառուցողական հունով տանելու առաջնային նախապայմանը` լարվածություն հարուցող միջադեպերի նվազագույնին հասցնելն է, առանց որի անհնար է խոսել բանակցություններում լուրջ ակնկալիքների մասին: