Կշարունակի՞ ՀԱԿ-ը համագործակցել ԲՀԿ հետ, եթե վերջինս սահմանափակվի միայն կառավարության հրաժարականի պահանջով
«Երկիրը խորը ճգնաժամի մեջ է: Հայաստանում խնդիրները կարող են լուծվել միայն լեգիտիմ իշխանության հաստատմամբ, այլ կերպ` ոչ»,- ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` նշելով, որ այդ մասին ինքն ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ:
Լ.Զուրաբյանը հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել հանդիպմանը քննարկածից, միայն նշեց, որ այլ կերպ չեն պատկերացնում առկա խնդիրների լուծումը.
Ինչ վերաբերում է այն հարցին, թե շարունակելու են պնդել կառավարությանն անվստահություն հայտնելու մասով, Լ.Զուրաբյանն ասաց, որ կառավարության հրաժարականը այն գործիքն է, որ թույլ կտա համախմբել Հայաստանի քաղաքական ուժերին՝ հանուն երկրում արմատական փոփոխությունների: Բայց միայն դա չէ նրանց մոտեցումը.«Ծրագրերը ավելի հեռահար են»:
Լրագրողի հարցին ի պատասխան` եթե ԲՀԿ-ն սահմանափակվի միայն կառավարության հրաժարականը պահանջելով, ի՞նչ կլինի իրենց համագործակցության հետ այդ դեպքում, Լ.Զուրաբյանը հորդորեց չլինել այդքան վատատես ու առավել ևս բոլոր սցենարները միանգամից չպատկերացնել:
«Ես բացարձակապես վատատես չեմ, այլ գտնում եմ, որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական բոլոր ուժերը ստիպված են գտնել հարցերի պատասխանները, որոնք միայն կառավարության հրաժարականով տրվել չեն կարող: Առաջիկայում կտեսնեք` Հայաստանում իրադարձություններ են զարգանալու, որոնք արմատական փոփոխությունների կհանգեցնեն»,- հավաստիացրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով