Նունե Թումանյանի և Հասմիկ Ավետիսյանի աշխատանքները՝ ՄԱԿ-ի գրասենյակում
Այսօրվանից մինչև ապրիլի 1-ը ՄԱԿ-ի գրասենյակում կանանց մեկամսյակին նվիրված ցուցադրվում են քանդակագործ Նունե Թումանյանի և գեղանկարիչ Հասմիկ Ավետիսյանի աշխատանքները՝ 9 քանդակ և 14 գեղանկար:
«Քանի որ ցուցահանդեսը պետք է նվիրված լիներ կանանց մեկամսյակին, ցանկացել էին, որ հենց կին արվեստագետներ մասնակցեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նունե Թումանյանը:
Միջոցառման նպատակն է խթանել «Կանանց հավասարությունը բոլորի առաջընթացն է» գաղափարը և շեշտել, թե որքան կարևոր է գենդերային հավասարությունը, կանանց լիազորությունների ընդլայնումը, մարդու իրավունքներից կանանց լիակատար օգտվելը տնտեսական և սոցիալական զարգացման համար:
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն Մարիա Դոցենկոն ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց. «Ուրախ ենք աջակցել պետության ջանքերին՝ ուղղված Հայաստանում գենդերային հավասարության ու կանանց հնարավորությունների ընդլայնման մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելուն: ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից է բոլորի համար հավասար իրավունքների և արժանապատվության ձեռքբերումը: Գենդերային հավասարության խթանումը և կանանց հնարավորությունների ընդլայնումը Հազարամյակի զարգացման նպատակներից երրորդն է, և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուրախ է աջակցել դրանց հասնելու պետության ջանքերին»:
Ցուցահանդեսը բաց է երկուշաբթիից-ուրբաթ ժամը 15:00 -17:00-ն:
Նշենք, որ Նունե Թումանյանի աշխատանքները ներկայացված են նաև մարտի 7-ին Նկարիչների միությունում, Գեղարվեստի ակադեմիայում բացված ցուցահանդեսներում: Այդ ցուցահանդեսները նույնպես նվիրված են Կանանց տոնին:
«Ցանկանում եմ, որ մեր կանայք լինեն տոկուն, կարողանան թիկունք լինեն իրենց հարազատներին, մտերիմներին: Ասում են, թե կանանք թույլ են, բայց ոգևորելու հիմնական աղբյուրը հենց կինն է»,- իր խոսքում ասաց արվեստագետ Նունե Թումանյանը:
Կանանց միջազգային օրը նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Սա մի հնարավորություն է ճանաչելու նրանց ձեռքբերումները առանց որևէ խտրականության՝ լինի դա ազգային, էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական թե քաղաքական: 1975թ. Կանանց միջազգային տարվա շրջանակներում ՄԱԿ-ը սկսեց նշել Կանանց միջազգային օրը մարտի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան