Շվեյցարիան դիմել է ՄԻԵԴ՝ վերանայելու Փերինչեքի վճիռը
Շվեյցարիան դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ) վերանայելու այն վճիռը, համաձայն որի Շվեյցարիայի դաշնային դատարանը ոտնահարել է թուրք ազգայնական Դողու Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը, երբ նրան տուգանել է՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքելու համար: Այս մասին տեղեկացնում է «Swissinfo» լրատվական գործակալությունը:
Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը երեքշաբի օրը հայտարարել է, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով:
Հայերը պնդում են, որ Օսմանյան թուքերը կոտորել են մինչև 1.8 միլիոն հայերի պլանավորված ցեղասպանության շրջանակներում ՝ 1915-18թթ-ին: Թուրքիան հաստատում է, որ շատ հայերը մահացել են, սակայն հերքում են, որ դա հայ ժողովրդին կոտորելու փորձ է եղել: Թուրքիան պնդում է, որ զոհերի թիվը ուռճացված է, և որ շատերը մահացել են ազգերի միջև բռնությունների ժամանակ:
Համաձայն Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը երկրի ռասսայական խտրականության օրենքի խախտում է:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հակահայկական թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը մեկնաբանելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության հրապարակային ժխտման համար:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են Հունաստանը, Շվեցարիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Սլովենիան, Կիպրոսը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան: Բելգիայում և Շվեցարիայում ցեղասպանության փաստի ժխտման համար նախատեսված է քրեական պատիժ: ԱՄՆ-ի 50 նահանգներից 43-ը ճանաչել և դատապարտել է հայ ժողովրդի Ցեղասպանությունը: