Հայաստանում սեպտեմբերից պնևմակոկային պատվաստանյութ կկիրառվի
Սեպտեմբերից Հայաստանում կմեկնարկի «Պնևմակոկային պատվաստումների ներդրման ծրագիրը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը` հավելելով, որ պնևմակոկային պատվաստումը կատարվում է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում:
Միջմկանային պատվաստման եղանակով կպատվաստվեն մինչև 1 տարեկան երեխաները, մասնավորապես` հուլիսի 15-ից հետո ծնված երեխաները: Առաջին դեղաչափը կներարկվի 1.5 ամսական հասակում, երկրորդը` 3, երրորդը` 4.5 ամսականում:
«Տարիքային այս սահմանն ընտրվել է ելնելով այն հանգամանքից, որ մինչև վեց ամսական հասակը երեխայի մոտ թոքաբորբը, մենինգիտները կարող են զարգանալ, նույնիսկ ժամանակի ճիշտ հակաբիոտիկների կիրառումը կարող է դրական բուժման արդյունք չունենալ, քանի որ այդ հիվանդությունները կարող են հանգեցնել արյան վարակումների, ինչն էլ իր հերթին մահվան»,- ասաց Գ.Սահակյանը:
Նրա խոսքերով` ԱՆ-ը որդեգրել է նոր պատվաստանյութերի ներդրման քաղաքականությունը` նպաստելով նոր հիվանդությունների, մասնավորապես` մենինգիտների, թոքաբորբերի և դիարեաների համալիր վերահսկման գործընթացին:
«Ինչպես այս, այնպես էլ մյուս պատվաստումներն առաջին հերթին նպաստեւմ են մեր երկրում երեխաների իմունիտետի ամրապնդմանը, ինչպես նաև մանկական մահացության կրճատմանը»,- ասաց նա:
Անդրադառնալով հակացուցումներին, Գ.Սահակյանը նշեց, որ հնարավոր չէ նախապես պարզել, թե տվյալ երեխայի մոտ քանի դեղաչափ պատվաստումից կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիա: Իսկ ծնողներին հորդորեց, որպեսզի երեխային չպատվաստվելու խորհուրդները ընդունելու դեպքում հաշվի առնեն նաև այդ խորհրդի գիտական հիմնավորվածությունը:
«Պետք է հիշել, որ պատվաստվելը ոչ միայն տվյալ անձի համար է կարևոր, այլև շրջակա միջավայրի, քանի որ, եթե տվյալ տարիքային խմբի 90 տոկոսը պատվաստվում է, ապա հիվանդության հարուցիչը շրջանառվելու հնարավորություն այլևս չունի»,- ընդգծեց նա:
Նա հիշեցրեց, որ նույնիսկ 2010-2013թթ. հարևան երկրներում գրանցված կարմրուկի և կարմրախտի խոշոր բռնկումը մեր հանրապետության բնակչության համար լուրջ սպառնալիք չէր։ Այդ ընթացքում գրանցվեց կարմրուկի ընդամենը 11 և կարմրախտի 4 դեպք, որոնք բոլորն էլ բերովի էին և համաճարակաբանորեն կապված էին Վրաստանում կարմրուկի բռնկման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան