Նախկին ոստիկանապետի որդին դատապարտվել է 15 տարի ազատազրկման
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Գյումրի) դատավոր Մարտին Սարոյանը հրապարակել է Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի գործով դատավճիռը: Ըստ այդմ, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանը դատապարտվել է 15 տարի ազատազրկման:
Դատավոր Մարտին Սարոյանը վճիռը հրապարակել է պաշտպանական կողմի ներկայացուցիչների, ամբաստանյալի բացակայությամբ, խիստ լարված պայմաններում, և երբ Հարությունի հարազատները լսել են 15 տարի ազատարզկման մասին, բացականչել են` «տներդ ու ունեցվածքդ ե՞ս վախենում կորցնես, կաշառված դատավոր»:
Նկատենք, որ նիստին բացակայած ամբաստանյալ Հարություն Սարգսյանը արդեն երկար ժամանակ հացադուլ է հայտարարել, և նրա առողջական վիճակն այժմ, հարազատների պնդմամբ, վատ վիճակում է:
Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:
Հարություն Սրագսյանը մեղադրվում է Կարեն Եսայանի սպանությունը դիտավորությամբ կատարելու համար` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և մեղադրվում էր 188 հոդվածի 1-ին մասով՝ «ապօրինի ձեռնարկատիրություն»: Մեղադրող դատախազը այս հանցանքներում ապացուցված էր համարել Հարություն Սարգսյանի մեղքը:
Նախորդող հրապարակում`
Բաբակեխյանը մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս. Նախկին ոստիկանապետի որդին է պատմել
Ինչու են նախկին ոստիկանապետի որդու գործով դատերը հետաձգվում. Փաստաբանը միտումներ է տեսնում
Բաբակեխյանը կողերս ջարդեց, հմի դուք էլ ետևիցս եք ընկել, կուզեք գլուխս ուտե՞ք. Ամբաստանյալը` դատարանին