«Ռոյթերս». Թուրքիայում ցուցարարները վանկարկում են` «Մարդասպան Էրդողան»
Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ անցյալ մայիս հակակառավարական ցույցերի ժամանակ գլխին ծանր հարված ստացած 15-ամյա տղան մահացել է, Թուրքիայի տարբեր քաղաքներում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի, ոստիկանությունը հազարավոր ցուցարարների դեմ ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել: Այս ամենը նախընտրական շրջանում Թուրքիայի վարչապետ Էրդողանի համար նոր «գլխացավանք» է:
Բերքին Էլվանը, ով այն ժամանակ 14 տարեկան էր, հունիսի 16-ին Ստամբուլում փողոցային բախումների ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև էր հայտնվել, երբ դուրս էր եկել ընտանիքի համար հաց գնելու: Նա գլխին հարված ստանալուց հետո ընկել էր կոմայի մեջ, ինչից հետո ընդդիմադիրները պարբերաբար հետևում էին նրա վիճակին:
Իմանալով տղայի մահվան մասին՝ հազարավոր վրդովված մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ բացականչելով «Մարդասպան Էրդողան», «Մարդասպան պետությունը պատասխան կտա», «Էրդողանի կառավարություն, կոռուպցիայի կառավարություն, հրաժարական»:
Նշենք, որ այդ բռնությունների պատճառով մահացածների շարքում փոքրիկ տղան 6-րդն է:
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն իր ցավակացություն էր հայտնել Էլվայի ծնողներին:
Իսկ Էրդողանի նախկին դաշնակից, ներկայիս թշնամի Ֆեթուլահ Գյուլենը ցավակցական նամակ է հղել նրա ընտանիքին, որում նշվում է, որ Թուրքիան ծանր օրեր է ապրում և որ «պետության գաղափարը խեղաթյուրվում է զայրույթի և ատելության պատճառով»: