Թբիլիսիում կայացել է Ֆրունզե Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո (լուսանկարներ)
Նախօրեին Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի մեծ դահլիճում, կայացել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Մկրտչյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո:
«Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով այս միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ՝ «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնի կողմից և աջակցությամբ Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի: Այս մասին տեղեկանում եք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Հայտնի կատակերգու, կինոյի և թատրոնի մեծ վարպետ Ֆրունզե Մկրտչյանին սիրում և գնահատում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում և մասնավորապես՝ Վրաստանում, ու պատահական չէ, որ նրա մահից 20 տարի անց հենց Թբիլիսիում, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի անմիջական ջանքերով կազմակերպվեց և անցկացվեց նրա հիշատակին նվիրված այս գեղեցիկ միջոցառումը:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել դեսպան Հովհաննես Մանուկյանը։ Նա մասնավորապես նշել է. «Ընդամենը վերջերս՝ դեկտեմբերի 29-ին, լրացավ 20 տարին, ինչ Ֆրունզե Մկրտչյանը մեզ հետ չէ: Բայց նրա մեծ տաղանդի և խաղացած փայլուն դերերի շնորհիվ Ֆրունզե Մկրտչյանը միշտ կմնա մեր սրտերում: Մեծ տաղանդի շնորհիվ Ֆրունզեն անկրկնելի Վախթանգ Կիկաբիձեի հետ միասին «Միմինո» ֆիլմում կարողացավ ցուցադրել հայ-վրացական ընկերության և բարեկամության էտալոնը: Այդ առումով Ֆրունզե Մկրտչյանը լիարժեք կարող է համարվել Հայաստանի մշակութային, ավելին՝ ժողովրդական դեսպանը մեր բարեկամ Վրաստանում»:
Հուշ-երեկոյին մասնակցել են Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը, վրաց հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում