Ռուսական ռուբլու արժեզրկումը, ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կազդեն նաև Հայաստանի տնտեսության վրա
Ռուսական ռուբլու արժեզրկումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` հավելելով, որ արժեզրկված ռուսական ռուբլու պայմաններում խնդիրներ կարող են առաջանալ արտահանման ոլորտում:
Ինչ վերաբերում է ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտներին, տնտեսագետը նշեց, որ արժեզրկված ռուբլու դեպքում ավելի քիչ տրանսֆերտներ կմտնեն Հայաստան:
«Կենտրոնական բանկի վերլուծությունները ևս ցույց են տալիս, որ ռուբլու արժեզրկման դեպքում տրանսֆերտները կկրճատվեն: Բացի այդ` կկրճատվեն Հայաստանում գործող ռուսական ընկերությունների ներդրումները: Իրականում այս ամենը անհանգստացնող է»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Ըստ նրա` այս ամենը շատ լավ տեսնում է նաև ՀՀ կառավարությունը, սակայն, բացի խոսքերից, կոնկրետ որևէ գործողություն չի ձեռնարկում:
Վահագն Խաչատրյանի խոսքերով` ռուբլու արժեզրկմանը զուգահեռ արժեզրկվում է նաև հայկական դրամը, ինչը բացասական ազդեցություն կունենա ներքին սպառման վրա: Ըստ նրա, թեև արտահանման հետ կապված ռուբլու արժեզրկումը դրական արդյունք կարող է տալ, սակայն հաշվի առնելով առևտրի բացասական հաշվեկշիռը, ըստ որի` 3 անգամ ներմուծումը ավելի մեծ է, քան արտահանումը, ապա այստեղ գների աճի խնդիր կառաջանա: Բացի այդ` Հայաստանի ոսկու և արտարժույթի պաշարներն այնքան շատ չեն, որ տնտեսությունը կարողանա դիմադրել:
«Օրինակ` Ռուսաստանն ունի բավական մեծ ոսկու և արժութային պահուստներ, բայց դրանք ամերիկյան պարտատոմսերի տեսքով ներդրված են տարբեր երկրներում, ուստի Ռուսաստանը դրանք անմիջապես չի կարող վերցնել: Եւ եթե այս իրավիճակը Ռուսաստանում երկար շարունակվի, ապա հնարավոր է, որ ապրանքային դեֆիցիտ առաջանա: Նույնը կարող է նաև Հայաստանում լինել: Այսինքն` մենք պետք է այս ամենը գնահատենք և մեզ համար ստեղծենք համապատասխան պաշարներ` նյութական և արժութային: Սակայն Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են, հատկապես, որ 2013թ-ը Հայաստանի տնտեսության համար հաջող տարի չի եղել և հաջողությամբ էլ չի սկսել 2014թ-ը»,- ընդգծեց Վ.Խաչատրյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ Արևմտյան երկրների կողմից իրականացվող պատժամիջոցներին և դրանց ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, տնտեսագետը նշեց, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է, այստեղ գործում են ռուսական կապիտալով ընկերություններ և չի բացառվում, որ այդ պատժամիջոցները կիրառվեն օրինակ` «Գազպրոմ»-ի վրա, ինչը լուրջ ազդեցություն կունենա մեր երկրի վրա:
«Մյուս կողմից էլ կարող է այլ իրավիճակ ստեղծվի: Ասենք ` այդ պատժամիջոցի կիրառումը համաշխարհային շուկայում բերի էական փոփոխությունների, որ օրինակ` հանքահումքային ռեսուրսների գները նվազեն, որը մեզ համար բարենպաստ կարող է լինել, բայց դա երկար ժամանակ կտևի»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքերով` այս իրավիճակը շատ անհանգստացնող է, հատկապես, որ Հայաստանի տնտեսությունը դիմադրողականությունը կորցրել է, և դրսում տեղի ունեցող ֆինանսական կամ բանկային փոքր ցնցումները չեն կարող չազդել Հայաստանի վրա:
«Իսկ դա գալիս է նրանից, որ իսկապես մեր տնտեսությունը մրցունակ չէ: Եւ եթե որոշակի պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանում, դրա ազդեցության հետևանքով այդ մրցունակությունը ընդհանրապես կկորցնենք»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Բացի այդ, ըստ նրա, պետք է հաշվի առնել նաև Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը:
«ՄՄ-ում գլխավոր խաղացողը Ռուսաստանն է և մենք պետք է ապրենք ռուսական տնտեսության կանոններով, բնականաբար, դա էլ իր ազդեցությունը կունենա»,- ընդգծեց Վ.Խաչատրյանը: