Կոնգրեսական Կոստա. Ադրբեջանը շարունակում է հակահայկական հռետորաբանությունն և միջսահմանային հարձակումները
Կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Սումգայիթյան ջարդերը: Տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի գրասենյակի Facebook-յան էջից:
«Ինչպես միշտ ես ամեն տարի բարձրացնում եմ Սումգայիթում հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի ճանաչման հարցը: 1988թ փետրվարի 27-ին հակահայկական ուժերը սկսեցին հայերի սպանությունն ու նրանց տներից տարհանման գործընթացը: Տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները վիրավորվեցին և հազարավորներն էլ դարձան փախստականներ՝ առանց կացարանի: Այս բռնությունները տևեցին երեք օր, հայ կանանց և աղջիկներին էլ դաժան կերպով բռնաբարեցին:
Ջարդերից օրեր առաջ Լեռնային Ղարբաղի հայերը սկսեցին խաղաղ ցույցերն ընդդեմ Խորհրդային Ադրբեջանի ճնշման և խտրականության:
Ցավոք, Ադրբեջանի կառավարության կողմից շարունակվում են հակահայկական հռետորաբանությունն և միջսահմանային հարձակումները: Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում է խաղաղ գործընթացին, հեռվացել է իր տված համաձայնություններից և շարունակում է սպառնալ պատերազմով: Սա անընդունելի է, իսկ բռնությանն ու վնասակար բառերին պետք է վերջ տրվի:
Այսօր, ես կոչ եմ անում իմ գործընկերներին հիշատակել Սումգայիթյան ջարդերը, ի պաշտպանություն տարածաշրջանում ճշմարիտ և տևական խաղաղության»,-նշել է Կոստան:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն, կոնգրեսականներ Ջուդի Չուն, Գարի Փիթերսը և Լինդա Սանչեսը հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթյան զոհվածներին: ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դեյվիդ Սիսիլայնը խստորեն դատապարտել էին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած կոտորածները և աջակցություն հայտնել Արցախի ժողովրդի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքին:
Ավելի վաղ էլ, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ինչպես նաև ներկայaցուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանը, Թոնի Կարդենասը, Աննա Էշուն և Քեթրին Քլարքը հարգանքի տուրք էին մատուցել 1988թ.-ի Սումգայիթի ջարդերի արդյունքում զոհվածների հիշատակին և դատապարտել էին ադրբեջանական ռեժիմի շարունակական բռնության և ահաբեկման քաղաքականությունը: