Վթարային շենքերի բնակիչների համար կկառուցվեն բազմաբնակարան շենքեր
Գործադիրն իր այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի առաջարկով փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր Փավստոս Բուզանդի փողոցին հարող մոտ 400 քմ մակերեսով տարածքի կառուցապատմանը: «Մ.Ս.Գ. գրուպ» և «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ-ները համագործակցելու պատրաստակամություն են հայտնել և պարտավորվել մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը՝ փոխելով դրա նշանակությունը:
Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է նշված ընկերությունների հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր՝ «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ-ն ճանաչելով նախկին պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների իրավահաջորդ: Հենց այս ընկերությանն էլ հնարավորություն կընձեռվի նշված տարածքում շարունակել և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը:
Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարաքային կառավարման նախարարությանը հատկացրել է 2 մլրդ դրամ, որով օժանդակություն կցուցաբերվի քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանը: Այժմ Երևանում հաշվառված են 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շուրջ 10 շենք ու հանրակացարան, որոնց ավելի քան 400 ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ է շուտափույթ կառուցել նոր բազմաբնակարան շենքեր: Քաղաքապետարանը նախատեսում է արդեն այս տարի սկսել դրանցից 4-ի շինարարությունը, որի արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել և որպես փոխհատուցում տրամադրել 470 բնակարան և 500 քմ ոչ բնակելի տարածք: