«Լենտա.ռու»-ն ճնշման տա՞կ է. Հեռացված խմբագրի հետևից գնում են նաև աշխատակիցները
Նախօրեին պաշտոնից հեռացվել է «Լենտա.ռու» կայքի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոն: Պարբերականի աշխատակիցներն այս հեռացումը համարել են որպես առանց հստակ պատճառաբանության կատարված քայլ և հանդես եկել հայտարարությամբ` խմբագրությունը ճնշման ենթարկելու մասին: Բացի այս, նրանց մեծամասնությունը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Աշխատակիցները իրենց հայտարարության մեջ մասնավորապես նշել են.
«Մարտի 12-ին, «Афиша-Рамблер-SUP» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Մամուտը աշխատանքից հեռացրել է «Լենտա.ռու»-ի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոյին, և նոր գլխավոր խմբագիր նշանակել գործադիր տնօրենի արտաքին հարաբերությունների հարցերով տեղակալ Ալեքսեյ Գերսլավսկուն: Ցավոք, դա շարքային փոփոխություն չէ և այդ իսկ պատճառով հարկավոր են բացատրություններ: Մենք գտնում ենք, որ այս փոփոխությունը «Լենտա.ռու»-ի վրա ճնշման հետևանք է: Պաշտոնից հեռացնել անկախ գլխավոր խմբագրի և նշանակել կառավարելի, այդ թվում և ուղիղ կրեմլյան կաբինետներից մարդու` սա արդեն ԶԼՄ մասին օրենքի ուղղակի խախտում է, որը խոսում է գրաքննությունը թույլ չտալու մասին:
Անցած մի քանի տարիներին ազատ լրագրության տարածքը Ռուսաստանում դրամատիկ կերպով կրճատվել է: Որոշ պարբերականներ ուղղակի կառավարվում են Կրեմլից, մյուսները կուրատորների կողմից, երրորդները` խմբագիրների կողմից, որոնք վախենում են կորցնել իրենց աշխատանքը: Որոշ ԶԼՄ-ներ փակվել են, մյուսները կփակվեն առաջիկա ամիսներին: Եվ խնդիրը ոչ թե նրանում է, թե տեղ չկա, որտեղ աշխատենք, այլ նրանում, որ, կարծես, կարդալու բան էլ չկա:
Մենք, բնական է, ենթադրում էինք, որ կգան նաև մեր հետևից: Բայց հավատում ենք, որ միշտ չէ այսպես լինելու: Ամեն դեպքում, սիրելի ընթերցող, դուք պետք է այդ մասին իմանաք: Հուսով ենք ու մինչ նոր հանդիպում»,- ասված է նախկին աշխատակիցների կոլեկտիվ հայտարարության մեջ, որի տակ ստորագրել է 69 աշխատակից:
«Սլոն.ռու»-ն նշում է, որ այս հայտարարությունը առաջին հերթին գրաքննության մասին հաղորդում է, իսկ աշխատանքի հեռանալու որոշում ամենքն ընդունել է անձամբ:
Ավելի վաղ Գալինա Տիմչենկոն գործընկերներին տեղեկացրել էր, որ կայքի սեփականատեր Ալեքսանդր Մամուտը պահանջել էր, որպեսզի նա աշխատանքից հեռացնի հատուկ թղթակից Իլյա Ազարին, ինչն արդեն նախկին գլխավոր խմբագիրը մերժել է: Բացի այս, «Ռոսկոմնադզոր»-ը «Լենտա.ռու»-ին նախազգուշացրել է, որ ուկրաինացի ազգայնականներից մեկի հետ հարցազրույցի տակ դրվել է հղում «Աջ սեկտոր» առաջնորդ Դմիտրի Յարոշի նախկին հարցազրույցներից մեկի հղումը:
Տիմչենկոյի հեռացման պահին «Լենտա.ռու»-ն հանդիսանում էր Ռունետի ամենակարդացվող ու ամենից շատ հղում արվող լրատվամիջոցից մեկը: