Բարաք Օբաման լիարժեք աջակցութուն է հայտնել ուկրաինական ժողովրդին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, թե դիվանագիտական ջանքերի միջոցով, մասնավորապես, ուրբաթ օրը Լոնդոնում կայանալիք պետքարտուղար Քերիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների արդյունքում մարտի 16-ին նախանշված Ղրիմի ինքնորոշման հանրաքվեի անցկացման որոշումը կվերանայվի: «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի տեղեկացմամբ, նման հայտարարությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես է եկել Վաշինգտոնում Ուկրաինայի դե-ֆակտո վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ:
«Պետքարտուղար Քերին շփվում է Ռուսաստանի կառավարության հետ և շարունակում է իր գործընկեր ԱԳ նախարար Լավրովի հետ ճգնաժամի դիվանագիտական ճանապահով կարգավորման քննարկումները», - ասել Օբաման:
Միացյալ Նահանգների ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, թե ԱՄՆ-ն չի պատրաստվում ճանաչել Ղրիմի հանրաքվեի օրինականությունը և հավելել, որ «դիվանագիտական ջանքերի արդյունքում հետագա մի քանի օրերի ընթացքում հնարավոր է տեղ ունենա մեկնարկած գորընթացի վերանայում»:
Բարաք Օբաման բարձր է գնահատել, իր բնութագրմամբ, «ուկրաինական ժողովրդի խիզախությունը, որը պայքար է մղում հանուն ժողովրդավարության»:
«Մենք տեսել ենք Մայդանում, թե ինչպես երկրի տարբեր մարզերից ժամանած սովորական քաղաքացիները պայքարում են հանուն փոփոխությունների: Նրանց թվում է և վարչապետը (Արսենի Յացենյուկ – խմբ.), ով ցուցաբերել է անհավանական խիզախություն», - ասել է Օբաման:
Միացյալ Նահանգների ղեկավարը ընդգծել է, թե ամերիկյան վարչակազմը հերքում է այն մոտեցումը, համաձայն որի Ուկրաինան պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի հետ տնտեսական կապերի և արևմուտքի հետ հարաբերութունների միջև:
«Դա զրոյական ելքով գործընթաց է, որը բացարձակ անտրամաբանական է 21-րդ դարում: Եվ դա չի բխում ուկրաինական ժողովրդի շահերից, ինչպես նաև հենց Ռուսաստանի շահերից: Ռուսաստանը պետք է ընդունի, որ Ուկրաինայի համագործակցությունն ու տնտեսական, առևտրային կապերի ամրապնդումն արևմուտքի հետ միայն կուժեղացնի, ոչ թե կթուլացնի Ռուսաստանը: Ակնհայտ է, պարոն Պուտինն այլ գաղափարներով է առաջնորդվում այս հարցում», - ասել է Օբաման:
Նախագահը հանձնարարել է նաև Կոնգրեսին արագացնել Ուկրաինային շուրջ մեկ միլիարդ դոլար ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին օրենսդրական նախաձեռնություննները:
Արսենի Յացեյուկն, իր հերթին, երախտիքի խոսքեր է հայտնել ԱՄՆ-ին, նշելով, թե «իր երկիրը պայքարում է հանուն ազատության, ինքնիշխանության և մտադիր չէ հանձնվել»:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով