ՊՆ քննիչը ընդամենը կատարել է դատախազի ցուցումը. Պարզաբանում ՊՆ քննչական ծառայությունից
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն արձագանքել Panorama.am-ի «Դատարանն ուղղել է նախաքննական մարմնի սխալը, և զինծառայողն արդարացվել է» հրապարակմանը:
ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը Panorama.am-ի հարցին, թե չի՞ բարձրացվել արդյոք քննիչի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարց պատասխանեց, որ պայմանագրային զինծառայող ավագ լեյտենանտ Գեղարդ Խուրշուդյանի նկատմամբ դեռ նախաքննության փուլում գործը վարող քննիչ Կ. Կարապետյանը որոշել է քրեական հետապնդում չիրականացնել՝ քրեական պատասխանատվությունից ազատման ենթակա լինելու պատճառաբանությամբ:
Սակայն, ըստ նրա ներկայացրածի, այս քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշվել է Գեղարդ Խուրշուդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումը վերացնել, ինչպես նաև ցուցում է տրվել՝ Խուրշուդյանի նկատմամբ ՀՀ քր. օր-ի 360 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք առաջադրելու և քրեական գործը դատարան ուղարկելու մասին:
«Քննիչը կատարել է դատախազի ցուցումը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու համար»,- տեղեկացրեց Մերի Սարգսյանը:
Panorama.am-ը ավելի վաղ հրապարակել էր Խուրշուդյանի վերաբերյալ դատավճիռը, որի համաձայն, երիտասարդ պայմանագրային զինծառայողն արդարացվել էր: Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել էր այն բանի համար, որ նա զորամասի շարահրապարակում ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ առաջացած վիճաբանության ընթացքում պատասխանել է իր ստորադրյալ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գալուստ Ռաֆայելյանի կողմից իրեն հասցրած վիրավորանքին, սեռական բնույթի հայոյանք է տվել Ռաֆայելյանի հասցեին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով Ռաֆայելյանի պատիվն ու արժանապատվությունը: Սակայն դատաքննության արդյունքում պարզվել էր, որ այդ ամենն արել էր կրտսեր սերժանտ Գալուստ Ռաֆայելյանը:
ՊՆ քննչական ծառայությունից հայտնեցին նաև, որ Գալուստ Ռաֆայելյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ՀՀ քր. օր-ի 360 հոդվածի 2-րդ մասով` «զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ» և դատարանի վճռով նա արդեն կրել է իր պատիժը:
Նախորդող հրապարակում՝
Դատարանն ուղղել է նախաքննական մարմնի սխալը, և զինծառայողն արդարացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները