Անվճար համակարգում չընդգրկված ԵՊՀ 127 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ
Մարտի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր է հանձնել անվճար համակարգում չընդգրկված ԵՊՀ 127 ուսանողի:
Կրթաթոշակը տրամադրվել է անապահով, ծնողազուրկ և գերազանց առաջադիմություն ունեցող, առկա ուսուցման համակարգում սովորող 1-ին կուրսերի ուսանողներին, ովքեր նախապես ներկայացրել են փաստաթղթեր, տեղեկացնում են ԵՊՀ մամուլի բաժնից:
Այս տարի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար Երիտասարդական հիմնադրամի կրթաթոշակի մրցույթին մասնակցել է մոտ 1500 ուսանող։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի տեղեկացմամբ` ծրագրին դիմել են Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից, այդ թվում՝ մարզերում գործող և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություններից։
Հաշվի առնելով մրցույթին դիմած ուսանողների մեծ թիվը՝ հիմնադրամն այս տարի, բացի ՀՀ Կառավարության կողմից հատկացված 60 միլիոն դրամից, իր միջոցներից ևս գումարներ է հատկացրել՝ ուսանողների ուսման վարձը փոխհատուցելու նպատակով։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիմելով ուսանողներին, նշել է, որ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակական է լինելու։
«Ինչ էլ ձեզ համար անենք, միևնույն է, քիչ է, դուք ավելիին եք արժանի։ Կառավարության կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք հայրենիքի հետ»,- ասել է վարչապետը:
ԵՊՀ ՈՒԽ նախագահ Ռաֆֆի Քարամյանը նշեց, որ մեծ է նաև ուսանողական խորհրդի դերը, քանի որ կրթաթոշակի ծրագրին դիմած ԵՊՀ ուսանողներն իրենց հասարակական ակտիվությունը ցուցաբերել են հենց ուսանողական խորհրդում, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի աջակցությունը ԵՊՀ ուսանողներին առավել քան հեշտ լինի:
Ի դեպ, նշենք, որ 2011-2013 թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ Կառավարության ու Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 2150 ուսանողի ուսման վարձը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա