Մայիսին Հայաստան կայցելի Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը
Աշխատանքային այցով մարտի 13-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը քննարկել են Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները, գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ անդրադարձել են տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանում արդեն գործում են ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները։
Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված Հայաստան – Եվրոպական Միություն հռչակագրի լույսի ներքո՝ անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին։
Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգարավվածությունը, կարևորել է նրանց միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ, մասնավորապես` ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձ են կատարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործանթըացին։
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով