Ոչ իշխանական ուժերի գործողությունների ենթատեքստում պաշտոն ունենալն է. Գալուստ Սահակյան
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողներին հորդորում է «չընկնել ոչ իշխանական ուժերի խելքին» և անտեղի չհետաքրքրվել, թե Հանրապետականը կմիանա՞ կառավարության հրաժարականը պահանջող չորս ոչ իշխանական ուժերին:
Նկատենք, որ ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ կցանկանային Հանրապետականը միանար իրենց, որպես հինգերորդ կողմ:
«Սաղ աշխարհն ուզում է մեզ միանա, ժամ առաջ կցանկանային, բայց հիմա այնքան են համը հանել, որ ամաչում եմ ասեմ…Հանրապետականը եթե հինգերորդ կողմով գնար, Ռուբեն Հակոբյանը հիմա պաշտոնավարման չէր լինի: Առաջին կողմով է գնացել, դրա համար է պաշտոնավարել: Դրանից իրեն օգուտ չի լինի և դրա համար պետք է տեսակետը փոխի»,- այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հիմա էլ են պաշտոն ուզում, խորհրդարանական մեծամասնության ղեկավարը պատասխանեց. «Սաղ աշխարհը պաշտոն է ուզում, դուք գիտեք ենթատեքստում էդ չի՞: Հիմնական գաղափարներ, սկզբունքներ չկան, մարդիկ ասում են՝ մենք ուզում ենք գալ իշխանության, հեռացեք»: