Համաշխարհային բանկն աջակցում է կրթության ոլորտի բարելավվմանը Հայաստանում
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 30 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը Հայաստանի կրթական ոլորտի բարելավման ծրագրին: Այս մասին տեղեկացնում են ՀԲ հայաստանյան գրասենյակից:
Ըստ աղբյուրի, ծրագիրը կաջակցի նախնական կրթության համար երեխաների պատրաստվածության և միջնակարգ դպրոցների ֆիզիկական պայմանների բարելավմանը: Այն նաև կխթանի Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ու աշխատաշուկայի միջև կապերի մեծացումը:
Մարզերում կվերակառուցվեն 17 ավագ դպրոցներ, կիրականացվեն հիմնանորոգման և անվտանգության ստանդարտների բարելավման աշխատանքներ, որի շահառուները կհանդիսանան ավագ դպրոցի 10200 աշակերտներ: Հիմնանորոգված ավագ դպրոցները կապահովեն ուսումնառության ու ուսուցման ավելի լավ պայմաններ, այդ թվում առավել ապահով ենթակառուցվածքներ, ժամանակակից կապի և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներ, ուսուցման ու ուսանելու թվային նյութեր: Ծրագրային աշխատանքներն ուղղված կլինեն բնակչության խոցելի խմբերին, այդ թվում՝ էթնիկ խմբերին և հաշմանդամություն ունեցող երեխաներին:
«Հավասար հնարավորություններով բարձրորակ կրթական համակարգը հանդիսացել է վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների անկյունաքարը»- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին:
«Ծրագիրը կշարունակի բարելավել կրթական ծառայությունների համապատասխանությունը բոլոր մակարդակներում, այդ թվում և բուհական` հասանելի ու որակյալ կրթություն ապահովելու միջոցով, դրանով իսկ նպաստելով երկրի մարդկային կապիտալի ձևավորմանը, որն անհրաժեշտ է տնտեսության մրցունակության մեծացման համար»:
Ծրագիրը նախ կաջակցի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հզորացմանը՝ դպրոցական ցանցի մշտադիտարկման, տեղեկատվական ու կապի տեխնոլոգիաների համարժեք ծածկույթի և բոլոր կրթական հաստատություններին ու հասարակությանը ժամանակին համապատասխան հրապարակային տեղեկատվության ապահովման հարցերում: Հանրակրթության որակը կբարելավվի նաև առարկայական ծրագրերի բարելավման ու վերանայման արդյունքում: Բարձրագույն կրթության ոլորտին աջակցությունը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի նախատեսվող արդիականացման միջոցով, տարեկան կտրվածքով կազդի 3000 ուսանողների վրա, որոնց համար կրթական ծրագրերը կնորացվեն և առավել համահունչ կդառնան գործատուների պահանջներին:
«Ծրագրի արդյունքում ավելի քան 12 000 հինգ տարեկան երեխաներ, որոնք ապրում են նախակրթարան չունեցող աղքատ գյուղական բնակավայրերում, կունենան դպրոցում սովորելու անհրաժեշտ գիտելիքներ,» - ասել է Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Քրիստիան Աեդոն:
Այս տարիների ընթացքում Հայաստանում Բոլոնյան գործընթացի հետ կապված 2005թ.-ից մեկնարկած բարեփոխումներին զուգընթաց նախակրթարաններում մեծացել է ընդունելությունը: Այս գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար ծրագրի ուշադրության կենտրոնում կլինեն համայնքային նախակրթարանները և ընդունելության ցուցանիշների բարելավումը ներառվող մանկապարտեզներում և դպրոցներում, ուսման և ուսուցման պայմանների բարելավումը ավագ դպրոցներում և կրթակարգի վերանայումները:
Ծրագիրը կաջակցի ինտեգրված տեղեկատվական համակարգի ձևավորմանը, որը կապահովի քաղաքականության մշակման, հանրակրթության ու բարձրագույն կրթության մշտական կատարելագործման համար անհրաժեշտ տվյալներ ու վերլուծություններ: Առաջարկվող աշխատանքները նաև կմեծացնեն բուհերի ու մասնավոր հատվածի միջև գործակցությունը՝ Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտն արդիականացնելու նպատակով:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 37.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 7.5 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվում է ՀՀ կառավարության կողմից որպես համաֆինանսավորում: Համաշխարհային բանկը կտրամադրի 15 միլիոն ԱՄՆ դոլար փոխառություն ՄԶԸ ստանդարտ պայմաններով՝ 1.25% տարեկան տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով, 5 տարի արտոնյալ ժամանակահատվածով, ինչպես նաև 15 միլիոն ԱՄՆ դոլար վարկ ՎԶՄԲ վերահաշվարկվող տոկոսադրույքով, 10 տարի արտոնյալ ժամանակահատվածով և մարման 25 տարի ժամկետով:
Հայաստանն անդամակցում է Համաշխարհային բանկին 1992թ.-ից և ՄԶԸ-ին 1993թ.-ից և այդ ժամանակից ի վեր Հայաստանին տրամադրված միջոցները կազմում են 1.8 մլրդ ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա