Երևանում արտադրվում են մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքներ
Երևանում այսօր բացվել է մեկանգամյա օգտագործման բժշկական գործիքների արտադրության գործարան: Գործարանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա հյուրեր:
Լրագրողների հետ զրույցում նշեց գործարանի գլխավոր տնօրեն Ժիրայր Հեպոյանը նշել է, որ գործարանում հիմնականում արտադրվելու են բժշկական մի քանի տեսակի ասեղներ, ներարկիչներ, ինսուլինային գրիչների ասեղներն ու արյան հավաքման վակումային և կաթիլային համակարգեր: Նրա խոսքերով` գործարանի առաջին արտադրանքը կհայտնվի շուկայում ապրիլի առաջին կեսին:
Ժ.Հեպոյանի վստահեցմամբ` այն առաջին հերթին կլինի մրցունակ, գործարանը կզարգանա երեք փուլով:
«Այժմ գործարկվում է առաջին փուլը, որի ընթացքում պատրաստվում ենք թողարկել 1, 2,5, 10, 20 մլ ներարկիչներ, ասեղներ, որոնք ամբողջությամբ այստեղ են պատրաստվելու: Այս փուլում թողարկելու ենք նաև ինսուլինային գրիչների համար հատուկ ասեղներ` բոլոր չափերի»,- ասաց Ժ.Հեպոյանը:
Նրա խոսքերով` գործարանի ողջ արտադրանքը համապատասխանում է եվրոպական բարձրագույն Պատշաճ արտադրական գործունեության` GMP չափանիշներին, ինչը հնարավորություն կընձեռի արտադրանքն արտահանել ինչպես Եվրոպա, այնպես էլ հարևան երկրներ:
Տնօրենը նաև տեղեկացրեց, որ ներկայումս աշխատանքային պայմանագրեր են կնքվել 112 անձանց հետ: Աշխատակիցների աշխատավարձը լինելու է 150-160 հազար դրամւ սահմաններում: Մինչ մայիսի վերջ նախատեսվում է բարձրացնել արտադրական հզորությունները` աշխատողների թվաքանակը տարվա ընթացքում հասցնելով 400-ի:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ շատ վաղուց երազել է, որ Հայաստանում բժշկական սարքավորումներ արտադրվեն` կատետորներ, ներարկիչներ, ասեղներ: Այս գործարանի բացումը, ըստ նախարարի, մեծ օգուտ կբերի առողջապահական համակարգին` արտադրանքի ցածր ինքնարժեքի հաշվին: «Կարծում եմ, այն կբավարարի ամբողջ Հայաստանի պահանջարկը և մի բան էլ ավելին»,- նշեց Դ. Դումանյանը:
Նրա գնահատմամբ` մեկանգամյա բժշկական գործիքների արտադրության գործարանի բացումը կարևոր է նաև նոր աշխատատեղերի ստեղծման և արտահանման տեսանկյունից:
Հարցին, թե արդյոք գործարանի արտադրանքից կօգտվեն հայաստանյան հիվանդանոցները, նախարարը նշեց, որ արտադրանքը և որակով, և ինքնարժեքով ավելի մրցունակ կլինի, քան դրսից բերված արտադրանքը:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2013 թվականի որշմամբ «Մեգա Մեդ» ընկերությանը տրվել է արտոնություն` ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ի հետաձգում երեք տարի ժամկետով: «Մեգա Մեդ» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է ռուսական «Աֆինա Պալլադա» ընկերությունների խումբը, որում ներառված են մեքենաշինության, շինարարարական, նախագծային և այլ ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք ընկերություններ: Միավորումը հիմնադրվել է 1991 թվականին: «Մեգա Մեդ»-ում մեկանգամյա բժշկական գործիքների արտադրության ծրագրի շրջանակում բաժնետիրոջ կողմից մինչև այժմ իրականացվել են ավելի քան 42 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ: Արտադրության թողարկման լրիվ ծավալին հասնելու պահին ներդրումները կկազմեն շուրջ 47 մլն ԱՄՆ դոլար: Գործարանի ողջ տարածքը կազմում է 1.2 հա: Գործարանային կառույցներն ու ենթակառույցները զբաղեցնում են 4 հազար 350 քմ հողատարածք: Գործարանային մասանշենքի ընդհանուր տարածքը` 13 հազար 250 քմ է: Ստորագրման են նախապատրաստվում արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ պատրաստի արտադրանքի առաքման և համագործակցույան վերաբերյալ հուշագրեր: Շահագործման արդյունքում ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 1.2 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա