ՏՏ ոլորտին արտոնություն տրամադրելու որոշումը կնպաստի տեխնոլոգիական ձեռներեցության զարգացմանը. Կարեն Վարդանյան
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող նորաստեղծ ձեռնարկություններին, որոնք կունենան ոչ ավելի քան 15 աշխատող, պետությունը ազատում է բոլոր հարկատեսակներից՝ սահմանելով շահութահարկի զրոյական դրույքաչափ և թողնելով միայն եկամտահարկի նվազեցված 10 տոկոսանոց հարկ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կառավարության այս որոշումը համարում է դրական:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կ.Վարդանյանը նշեց, որ վերջին տարիներին ՏՏ ոլորտի ներկայացուցիչները բարձրացրել են մի քանի խնդիրներ, որոնց լուծումը կնպաստի ոլորտի զարգացմանը: Դրանք վերաբերում են կրթական բարեփոխումներին, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, ինչպես նաև ՏՏ ոլորտի պետական կառույց ունենալու անհրաժեշտությանը:
«Այս որոշումով` կարելի է ասել, որ տեխնոլոգիական ձեռներեցության ոլորտում ունենք առաջընթաց: Ի վերջո մեր խնդիրն է խրախուսել, որպեսզի երիտասարդները ստեղծեն սեփական բիզնես և գտնենք մարդկանց, ովքեր կարող են սեփական բիզնես կազմակերպել»,- ասաց Կ.Վարդանյանը` հավելելով, որ իրականում ՏՏ ոլորտում ոչ միայն մասնագետներ են պետք, որ խնդիրներ լուծեն, այլ անպիսի մարդիկ, որոնք կարող են այդ խնդիրների համար շուկաներ գտնել և այդ շուկաներում ներկայացնեն իրենց արտադրանքը:
«Հիմա այս օրենքը կխրախուսի, որպեսզի ձեռներեցությունը զարգանա»,- նշեց Կ.Վարդանյանը:
Նրա կարծիքով` օրենքի կիրառման հետ միասին ժամանակի ընթացքում օրենքում որոշակի փոփոխություններ կմտցնեն:
«Հիմա դժվար է կանխատեսումներ անել, թե ոնց այն կաշխատի: Կարևորը ուժի մեջ մտնի, իսկ հետո արդեն կերևա, թե ինչ փոփոխություններ են հարկավոր իրականացնել»,- ընդգծեց նա:
Նշենք, որ կառավարությունը նաև խստորեն վերահսկելու է, որպեսզի հարկային արտոնություններից օգտվեն միայն ՏՏ ոլորտի նպատակային ընկերությունները: Դիտարկմանը, թե արդյոք դա չի հանգեցնի նրան, որ երիտասարդները հրաժարվեն ձեռներեցությամբ զբաղվելուց, Կ.Վարդանյանը նշեց, որ չի կարծում, թե երիտասարդները կխուսափեն. «Ի վերջո, եթե ցանկանում ես բիզնեսով զբաղվել` կզբաղվես, իսկ այս օրենքը խրախուսելու է, որ լրացուցիչ մարդկանց համար այդ բիզնեսը հետաքրքիր կդառնա»:
Կ.Վարդանյանը նաև չի կիսում այն տեսակետը, թե դա ուղղված է «Դեմ եմ» շարժումը մարելուն:
«Ըստ էության` դա ազդեցություն չի ունենա, քանի որ շարժմանը մասնակցում են բարձր որակավորում ունեցող ինժեներներ, այլ ոչ թե ձեռներեցներ»,- ընդգծեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը:
Նախորդող`
Պետությունը ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին ազատում է բոլոր հարկատեսակներից
«Շատ կուզեի, որ «Դեմ եմ» շարժման մասնակիցներին դարձնեինք «կողմ»». Վահրամ Ավանեսյան