Միայն, ափսոս, ոչ ոք սիրտը գրպանում չի պահում. Լեոնիդ Ենգիբարյան
«Ես գրպանահատ եմ:
Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ ու երջանիկ:
Ես գրեթե երջանիկ եմ:
Միայն, ափսոս, ոչ ոք սիրտը գրպանում չի պահում»:
Ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է:
«Վախենում եմ բարեկեցությունից: Սիրում եմ ծովը, աշունը… Վինսեթ Վան Գոգին»:
Այսօր արտիստը կդառնար 79 տարեկան, բայց կանգ առավ 37-ի վրա:
«Ծնվել եմ Մոսկվայում: Ինը տարի անցկացրել եմ ռինգում: «Ապտակել են աջ այտդ, դեմ տուր ձախը» պատվիրանը համարում եմ արմատապես սխալ: Փոխել եմ բազմաթիվ մասնագիտություններ: Քսաներկու տարեկանում ինձ մնում էր միայն դերասան դառնալ: Գրել սկսել եմ նույն ժամանակ, ակամա:
Հեղինակներից ոչ ոք չէր ցանկանում աշխատել ինձ հետ. ստիպված էի ինքս սցենարիստ դառնալ: Դուր եկավ: Այժմ սարսափով մտածում եմ` իսկ եթե հանկարծ հայտնվի՞ իսկական սցենարիստը…»:
Լեոնիդ Ենգիբարյանը 1955-ին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանի նորաբաց կլոունադայի բաժինն է ընդունվում: Ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956-ից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։
1962-ին արտիստին առաջարկում են կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լ. Իսահակյանը «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմն են նկարահանում կրկեսի ծաղրածուի մասին:
Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները»), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66»), «Մանեժում պատանեկությունն է»:
Նկարահանվել են նաև տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք` Լեոնիդ Ենգիբարյան» և «2 Լեոնիդ 2»։
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»:
Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։
Ենգիբարյանը նաև արձակ ստեղծագործությունների հեղինակ է:
Լապտերները
Գիշեր:
Մանրիկ անձրև է մաղում:
Դու տեսնում ես անձրևի կաթիլները, երբ նրանք կաթկթում են լապտերների լույսի տակ և թվում է՝ լապտերները, փողոցի խորքում կանգնած լապտերները լալիս են:
Ինչի՞ համար….
Անձրևոտ գիշերին լապտերները լալիս են միայն նրա համար, որ մարդկանց կյանքում ինչ-որ բան չի հաջողվել, որովհետև իրենք՝ լապտերները, ուղղակի սովորական լապտերներ են և չունեն իրենց տխրությունը:
Եվ լալիս են նրանք՝ համբուրելով գիշերը, միայն մենությունից դրդված, այն պարզ պատճառով, որ անձրև է գալիս, որ վաղը ոչ թռիչքային եղանակ է լինելու, և ինչ-որ մեկը չի հանդիպելու, չի սիրելու, չի համբուրելու…
Ու այն պատճառով, որ վաղը ոչ թռիչքային եղանակ է, այս գիշեր փողոցի խորքում կանգնած՝ լալիս են լապտերները…
«Աղջիկ որսացողը»: Լուսանկարները` Հերբերտ Բաղդասարյանի, 1965 թվական: Գրականագետ Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին