Մալազիական օդանավի առևանգման վարկածը՝ հավանականների շարքում
Մարտի 7-ին ռադարների էկրաններից անհետացած և մինչ օրս չհայտնաբերված «Մալազիական ավիաուղիներին» պատկանող Boeing-777 օդանավի հետաքննությունը նոր ընթացք է ստացել, ընդլայնելով որոնողական աշխատանքների տեղանքը: Ամերիկյան «Kidd» էսկադրային ականակիրը ժամանել է Հնդկական օվկիանոս, որտեղ շարունակելու է աշխատանքները Անդամանյան ծովում և Բենգալյան ծոցի հատվածում:
«Newsru.com» կայքի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը: Կայքը վկայակոչում է հետաքննությանը մոտ կանգնած «Ռոյթերս» գործակալության անանուն աղբյուրին, որը նշել է, թե արբանյակները թույլ ազդանշաններ են արձանագրել օդանավի՝ ռադարների էկրաններից անհետացումից ժամեր հետո, ինչը առավել հավանական է դարձնում օդային միջոցի առևանգման մասին շրջանառվող վարկածը:
Գործակալության աղբյուրը հայտնել է, թե այժմ աշխատանքներ են տարվում թռիչքի իրական հետագիծը պարզելու ուղղությամբ: Ըստ վարկածի, Հարավչինական ծովի վրա ընթացքի ժամանակ օդանավը կտրուկ փոխել է ուղղությունը դեպի արևմուտք և տեղափոխվել այլ օդային միջանցք, որը տանում է դեպի Եվրոպա:
Արդեն հաստատված է փաստն այն մասին, որ դիսպետչերական կետերի հետ կապի միջոցները անջատվել են ուղղությունը փոխելուց առաջ, ինչն հավանական է դարձնում դրանց դիտավորյալ անջատման մասին տեսակետը: Ինքնաթիռի անհետացման այս վարկածը սատարել են նաև մալազիական իշխանությունները:
«Անհետացումը եղել է օդանավում գտնվող երրորդ անձանց, կամ օդաչուների դիտարվորյալ գործողությունների արդյունք, սակայն առևանգման մասին վարկածը չի կարելի դիտարկել միակ իրականը», - կայքը մեջբերում է Մալազիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակի խոսքերը:
200-ից 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամներով Մալազիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրից Պեկին չվերթ իրականացնող Boeing-777 օդանավը ռադարների էկրաններից անհետացել էր մարտի 7-ին: Մինչ օրս որոնողական աշխատանքները որևէ արդյունք չեն տվել, ինչն աննախադեպ է միջազգային ավիացիայի պամտության մեջ: Այդ աշխատանքներին ներգրավված են շուրջ 80 ծովային և օդային տեխնիկա, այդ թվում Չինաստանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը, 10 արբանյակ, ամերիկյան ականակիր, որոնողական նավեր ու սահմանային պահպանության հատուկ միջոցներ Սինգապուրից, Ֆիլիպիններից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից: Որոնումների ընդհանուր տարածքը կազմում է մի քանի տասնյակ հազար քառ. կմ: