Թուրք բանաստեղծ. Ես մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ
«Paper Boats of Poetry» կայքը տպագրել է թուրք բանաստեղծ Սերքան Էնգինի` (Serkan Engin) «Անտանելի ամոթ է թուրք լինելը» խորագրով հոդվածը: Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Իմ մայրը թուրք է, սակայն ես ինձ համարում եմ լազ, ինչպես իմ հոր նախնիները, քանի որ ես ամանչում եմ իմ մորական կողմից: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության օրոք եղել են Ցեղասպանություն իրականացնողները: 1.500.000 հայեր դաժանորեն սպանվել են թուրքերի և քրդերի կողմից: Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, այրել ողջ երեխաներին և առևանգել նրանց գումարն ու ունեցվածքը: Հազարավոր ասորիներ նույնպես, ինչպես հայերը, իրենց հայրենիքում սպանվել են Օսմայնան կառավարության կողմից` Ցեղասպանության ժամանակ:
Սարսափելի Ցեղասպանություն է իրականացվել հայերի հանդեպ: Ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը որպես Թուրքիայի որդի և ամանչում եմ իմ մոր նախնիների պատճառով: Սա Թուրքիայի պատմության համար ամոթալի է, ինչպես նաև քուրդ ժողովրդի: Ես մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ, չնայած ես անձնապես մասնակցություն չեմ ունեցել բռնություններին:
Ցավոք, սա միակ Ցեղասպանությունը չէ, որ Թուրքիան ներգրավված է եղել: 353.000 Պոնտոսի հույներ են դաժանաբար սպանվել 1919-ին` Անատոլիայում Մուստաֆա Քեմալի հրամանով, ով հետագայում դարձավ նոր Թուրքիայի հանրապետության հիմնադիրը: Այս նոր հանրապետությունը հին ռասիստական Միություն և առաջադիմություն կոմիտեի շարունակությունն է, քանզի ունի միևնույն գաղափարախոսությունը:
Սրանք միակ հանցագործությունները չեն, որ իմ նախնիները գործել են: Նրանց պատմության սկզբում, թուրքերը գլխացավանք էին բոլոր իրենց մոտ կանգնածների համար: Թուրքերը շուրջ 2000 տարի շարունակ ապրել են հարևան տարածքներ առգրավելով, սպանելով շատ մարդկանց, նրանց երկիրն ու փողը գրավելով, նրանց կանանց բռնաբարելով, նրանց երեխաներին ստրուկներ դարձնելով:
Չինական Մեծ պատը թյուրքական բարաբոսության խորհրդանիշն է: Սկզբում նրանք թալանում և ասպատակում էին չինական հողերը: Առաջխաղացմանը զուգահեռ` նրանց ճանապահին ի հայտ էին գալիս ավելի զարգացած երկրներ, որոնք և նրանց վայրագությունների զոհը դարձան` Մեծ չինական պատից մինչև Վիեննա:
Սիրելի ընկերներ, նրանք կարող են ինձ ձերբակալել և բանտ նստեցնել այս բացատրությունների համար կամ էլ փողոցում կրակեն, սակայն իմ խիղճն ու մտավորական էթիկան պարտավորեցնում է ինձ ամբողջ աշխարհին բարձրաձայնել իրականությունը: Ես իրականության մասին կխոսեմ մինչև վերջին շունչս»: