Քաղաքագետ Արամ Մանուկյան. ՌԴ-ն չի կարող հայերին հակասող մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի հարցում
«Ղրիմի հանրաքվեից հետո հարևան Ադրբեջանում անհանգստացած են: Նախադեպային կարող է լինել Ղրիմի հանրաքվեն: Չենք կարող չնկատել ակնհայտ նմանություններ Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեջ»,- ասուլիսում նման դիտարկումներ արեց քաղաքագետ Արամ Մանուկյանը:
Նա միաժամանակ փաստեց, որ միջազգային իրավունքը գործում է այն ժամանակ, երբ տվյալ պետության հետևում կանգնած է հզոր ուժ:
«Նման պայմաններում արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը պետք է վարի հետևողական գիծ, ունենա հզոր դաշնակիցներ, ում շահերը կհամընկնի Հայաստանի շահերին: Միայն այս դեպքում պետք է ակնկալել, որ ղարաբաղյան հարցը արդարացի լուծում կստանա»,- ասաց քաղաքագետը:
Ըստ նրա, ՌԴ-ն չի կարող հայերին հակասող մոտեցում ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի հարցում, քանի որ արդեն ցույց է տվել, որ նմանատիպ հակամարտությունների դեպքում ազգերի ինքնորոշման սկզբունքն է պաշտպանում. «Բանակցությունների որ փուլում դա տեղի կունենա, ներկա պահին կանխատեսելի չէ, քանի որ դեռևս Ռուսաստանը չի ցանկանա հարաբերությունները սրել Ադրբեջանի հետ»:
Ինչ վերաբերում է Ղրիմում նախօրեին կայացած հանրաքվեին, քաղաքագետն ասաց, որ այդ հանրաքվեով սկիզբ դրվեց Ուկրաինայի մասնատմանը, ինչը կանխատեսելի էր, երբ Կիևում ընդդիմադիր ուժերը եկան իշխանության:
«Արևմուտքի կողմից հնչող կարծիքները Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ կապված են ոչ թե այն հանգամանքով, թե միջազգային նորմերին անհամապատասխան էին, այլ Արևմուտքի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող ակնհայտ աշխարհաքաղաքական իրողություններով»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի, Մոսկվային հերթական անգամ հաջողվեց ցույց տալ, որ կարող է դուրս գալ թվացյալ պատերազմից և իրադարձություններն ի շահ իրեն ծառայեցնել: Նա նաև այն կարծիքին է, որ Ուկրաինայում ճգնաժամը Ղրիմի հանրաքվեով չի սահմանափակվի, քանի որ Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում լարվածությունը գնալով ավելի է ուժեղանում:
«Հազիվ թե այդ շրջաններում էլ հանրաքվեներ անցկացնեն, քանի որ Ռուսաստանը չի ցանկանա էլ ավելի սրել հարաբերությունները Արևմուտքի հետ»,- ասաց քաղաքագետ Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Ղրիմում հանրաքվեն անցկացվել է նախօրեին: Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի մասնակիցների ավելի քան 96 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի կազմում ընդգրկվելու օգտին:
Նախորդող հրապարակում՝