Դ.Դումանյան. Երևանի և ցանկացած մարզի սրտաբան կամ այլ մասնագետ նույն չափորոշիչներով պետք է աշխատեն
«Հանրապետության Նախագահի առողջապահության նախարարություն կատարած այցի ընթացքում ոլորտ առ ոլորտ ներկայացվեցին իրականացված աշխատանքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները»,- այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Դերենիկ Դումանյանը։
Նա հորդորել է, ի մի բերելով նախարարությունում Նախագահի անցկացրած խորհրդակցության արդյունքները, աշխատանքային առանձին ծրագիր մշակել։
Առողջապահության մամուլի բաժնից տեղեկացնում են, որ այս առումով նախարարն առանձնացրել է մի քանի խնդիրներ։
«Մենք լուրջ անելիքներ ունենք քաղաքային բնակավայրերում ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության բարելավման ուղղությամբ։ Միայն այդ քայլով զգալիորեն կնվազեցնենք շտապօգնության և հիվանդանոցային ծառայության բեռը։ Մենք արդեն տևական ժամանակ է, ինչ ծրագրային միջոցառումներ ենք իրականացնում բժշկական օգնության որակի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Բոլոր այդ աշխատանքները պետք է ավելի ակտիվացնենք։ Իսկ դրանց արդյունքներն ամփոփելու համար նախորդ տարվա օրինակով պետք է կազմակերպենք 2013-ի Ազգային հաշիվների մշակման աշխատանքները»,-ընդգծել է նախարարը` կոնկրետ հանձնարարականներ տալով։
Բժշկական օգնության որակի բարելավման ենթատեքստում Դերենիկ Դումանյանը շեշտել է նաև բուժման սխեմաների, չափորոշիչների մշակման ու ներդրման կարևորությունը։
«Մենք այս ուղղությամբ արդեն բավականաչափ փորձ ենք կուտակել և պետք է հասնենք նրան, որ Երևանի և ցանկացած մարզի սրտաբան կամ այլ մասնագետ նույն չափորոշիչներով աշխատեն»,-նախարարն այս ուղղությամբ հանձնարարել է ըստ առանձին ոլորտների ի մի բերել մինչև այժմ կատարված աշխատանքները` միաժամանակ անցկացնելով վերապատրաստման դասընթացներ մասնագետների և կազմակերպիչների համար։
Նախարարը կարևորել է նաև ծառայությունների պահանջարկի ուսումնասիրությունն ու գործող իրավական դաշտի ընձեռած հնարավորություններով դրանց կարգավորումը։
«Մենք ոչ միայն պետք է շարունակենք բժշկական ծառայությունների որակի և մատչելիության բարելավմանն ուղղված արդեն իսկ սկսած ծրագրերը, այլև ակտիվ աշխատանքներ տանենք հանրապետության Նախագահի կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ»,-ասել է նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա