Արցախի ԱԳՆ. Ղրիմի հանրաքվեն ինքնորոշման իրավունքի իրականացման դրսևորում է
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի անցկացումը դիտարկում է որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման հերթական դրսևորում: Այս մասին Panorama.am-ին հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Իր զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու և ժողովրդավարական կամարտահայտության միջոցով ճակատագիրը որոշելու յուրաքանչյուր ժողովրդի իրավունքը , որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությունում և մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկն է:
Վերջին տարիների փորձը և, մասնավորապես, Կատալոնիայում և Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը նմանատիպ խնդիրների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակն է:
ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակն իր լուծումը կստանա իրավական դաշտում՝ բացառապես խաղաղ ճանապարհով»,- ասված է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: