Փորձագետ. Ադրբեջանը պետք է դասեր քաղի Ուկրաինայում տեղի ունեցածից
Միջնորդ երկրների համար խիստ անցանկալի կլինի, եթե Ադրբեջանը փորձի մարտական գործողությունները վերսկսել և նրանք ամեն ինչ կանեն դա թույլ չտալու համար: Ադրբեջանն իսկապես պետք է ճիշտ դասեր քաղի Ուկրաինայում տեղի ունեցածից ու արկածախնդրության չգնա: Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ նկատի ունի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, երբ խոսում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից անհրաժեշտ հետևություններ անելու մասին, ասաց ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը:
Նրա խոսքերով, այսօր կա գիտակցումն այն բանի, որ կոնֆլիկտները վերջնական կարգավորում կարող են ստանալ միայն խաղաղ ճանապարհով, իսկ պարտադրված լուծումները միայն կարճաժամկետ կտրվածքով են արդյունքի հանգեցնում:
«Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին սառը ցնցում էր ողջ աշխարհի համար: Կոնֆլիկտները լուծման մեկ արդյունավետ ճանապարհ ունեն և դա երկխոսության ուղին է»,- հավելեց նա:
Ս. Պետրոսյանը հավելեց, թե ենթադրում է, որ միջազգային հանրությունն առաջիկայում առավել կոշտ է արձագանքելու Ադրբեջանից բռնություն կամ պատերազմի սպառնալիք պարունակող հայտարարություններին:
«Ուկրաինայում ու Ղրիմում ստեղծված իրավիճակում շահագրգիռ կողմերի միջև փոխհամաձայնություն չեղավ, Արևմուտքը ՌԴ-ին սպառնաց պատժամիջոցներով, իսկ ՌԴ-ն Ղրիմի հարցում առաջնորդվեց սեփական հետաքրքրություններով: Որպես այդպիսին, կողմերը միմյանց շահերը հաշվի չառան, իսկ այս պատմությունից ամենից շատ տուժեց Ուկրաինան ու այնտեղ ապրող մարդիկ: Երկուստեք կտրուկ որոշումներ կայացան, ինչը ցանկացած կոնֆիլկտի լուծման հարցում հակացուցված են: Ինչ վերաբերում է ԼՂ հարցով ընթացող բանակցություններին, ապա այն բավականին բարդ է, իսկ հապշտապ որոշումներն այս հարցում հակացուցված: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս զարգացումները դուրս չգան վերահսկողությունից այնպես, ինչպես Ուկրաինայում»,- եզրափակեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում